Ս.թ. նոյեմբերի 6-17-ին Բոննում, Գերմանիայում տեղի ունեցավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) 23-րդ համաժողովը/Կողմերի կոնֆերանսը, որը նախագահում էր Ֆիջիի կառավարությունը՝ սերտորեն համագործակցելով Գերմանիայի կառավարության հետ:
23-րդ Կողմերի կոնֆերանսին ներկա են գտնվել ավելի քան 16.000 մասնակիցներ, այդ թվում` 9.200 պետական պաշտոնյաներ, 5.500 ներկայացուցիչներ ՄԱԿ-ի մարմիններից/գործակալություններից և միջկառավարական ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններից, ինչպես նաև 1200 ներկայացուցիչներ միջազգային առաջատար լրատվամիջոցներից: Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Համաժողովին հիմնականում քննարկվել է Փարիզի համաձայնագրի դրույթների կատարման առաջընթացը և ընդունվել են որոշումներ համաձայնագրի ներքո սահմանված մինչև 2°C գլոբալ ջերմաստիճանի բարձրացման պահպանման նպատակի իրականացման համար: Այս համատեքստում զարգացող Կողմ երկրները կարևորել են հարմարվողականությանն ուղղված ֆինանսական ռեսուրսների ապահովման գործընթացները՝ սահմանելով անհրաժեշտ միջոցառումներ Հարմարվողականության հիմնադրամի շարունակական հիմունքներով գործելու հնարավորության համար:
Կոնվենցիայի իրականացման օժանդակ մարմնի օրակարգի համաձայն Հայաստանը 4 այլ երկրների հետ մասնակցեց Միջազգային խորհրդատվության և վերլուծության կարծիքների փոխանակման աշխատաժողովին, որի ժամանակ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Երկամյա առաջընթացի առաջին զեկույցը և պատասխանեց այլ երկրների պատվիրակությունների հարցերին:
Նոյեմբերի 14-17-ին բարձրաստիճան պաշտոնյաների համար նախատեսված հատվածում ելույթ է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը՝ հանդես գալով ազգային հայտարարությամբ, և ներառելով նաև Ադրբեջանի հայտարարության մեջ հնչած անհիմն մեղադրանքներին:
Համաժողովի արդյունքները կիսվել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ «Արմենպրես»-ի մամուլի սրահում նոյեմբերի 25 հրավիրված ասուլիսում: