ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) քարտուղարությանը ներկայացվել է ՀՀ Երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցը (2ԵԱԶ): Վերջինս մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ` «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում: 2ԵԱԶ կից ներկայացվել է ՀՀ ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվությունը 2014թ. համար։
Զեկույցը ներկայացնում է թարմացված տեղեկատվություն առավել թափանցիկ, համապարփակ և ճշգրիտ ձևով քան Երկամյա առաջընթացի առաջին զեկույցը՝ հաշվի առնելով նախորդ զեկույցի Միջազգային խորհրդատվության և վերլուծության ընթացքում քաղված դասերը և առաջարկությունները: 2ԵԱԶ ներառում է տեղեկատվություն, ազգային պայմանների, ջերմոցային գազերի ազգային կադաստրի, կլիմայի մեղմման միջոցառումների, ստացված աջակցության և կարիքների, ինչպես նաև Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգի մասին։ Զեկույցում նաև ներկայացված են էներգետիկ սեկտորում մեղմման գործողությունների կանխատեսումները մինչև 2030թ. և դրանց ակնկալվող ազդեցությունը ջերմոցային գազերի արտանետումների վրա՝ հաշվի առնելով ոլորտի ռազմավարական նշանակությունը երկրի համար և այդ սեկտորում ջերմոցային գազերի արտանետումների մեղմման զգալի ներուժը:
Զեկույցի նախագիծը հավանության էր արժանացել «ՄԱԿ ԿՓՇԿ-ի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի» կողմից, որը ստեղծվել է ՀՀ վարչապետի 2012թ. հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ:
2ԵԱԶ և երկամյա պարբերականությամբ ապագա զեկույցների մշակումը և սահմանված կարգով ներկայացումը կոնվենցիայի քարտուղարությանը հաստատվել է ՀՀ կառավարության «ՀՀ-ի կողմից վավերացրած մի շարք բնապահպանական կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկ հաստատելու մասին» 2016թ. դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշմամբ։