ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրություն»-ը (ԱՀ-4) մայիսի 17-ին ներկայացվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) քարտուղարություն։
Չորրորդ ազգային հաղորդագրությունը պատրաստվել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի օժանդակությամբ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում։
Փաստաթուղթն արտացոլում է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված երկրի ջանքերն ու արձանագրած ձեռքբերումները, մասնավորապես՝ վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտում ներդրումային քաղաքականությունների ընդլայնման, ջերմոցային գազերի գույքագրման ամբողջականության և թափանցիկության բարելավման ուղղությամբ։
ԱՀ-4-ը ընդգրկում է 1990-2016թթ. ջերմոցային գազերի (ՋԳ) գույքագրման և կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումների գնահատումները՝ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, ինչպես նաև ներառում է թարմացված տեղեկատվություն երկրում կլիմայի փոփոխության խնդիրներին առնչվող ոլորտներում տեղի ունեցած քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ փոփոխությունների և զարգացումների վերաբերյալ։
Քանի որ վերջին տասնամյակներում կլիմայի փոփոխության հետևանքով բնական աղետների հաճախականությունը և ինտենսիվությունը զգալիորեն աճել է, ԱՀ-4-ի շրջանակներում գնահատվել են կլիմայի փոփոխությունից կախում ունեցող տնտեսության տարբեր ոլորտների խոցելիությունը կանխատեսվող փոփոխություններից և ներկայացվել են համապատասխան հարմարվողականության միջոցառումները։ Այդ ոլորտներն են ջրային ռեսուրսները, գյուղատնտեսությունը, բնական էկոհամակարգերը և կեսաբազմազանությունը, բնակավայրերն ու ենթակառուցվածքները, բնակչության առողջությունը և զբոսաշրջությունը։ Դիտարկվել և ներկայացվել են յուրաքանչյուր ոլորտի վարչարարական, տնտեսական և տեխնիկական մակրդակներում, ինչպես նաև հետազոտությունների և տեղեկատվության ուղղությամբ իրականացվող գործողություներն ու դրանց ընթացքը։
Ազգային հաղորդագրությունն արտացոլում է սիստեմատիկ դիտարկումների և կլիմայական մոնիթորինգի ազգային համակարգի կատարելագործման կարիքները։ Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելիության գնահատման և հարմարվողականության միջոցառումների ձեռնարկման համար կարևոր նախադրյալներն են յուրաքանչյուր ոլորտում խոցելիության գնահատման համապատասխան ազգային/ միջազգային մոդելներով պահանջվող մուտքային տվյալների սահմանումը, հարմարվողականության կարիքների մասին զեկուցումը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը ուսումնասիրությունների, սիստեմատիկ դիտարկումների, խոցելիության գնահատման և հարմարվողականության տարածաշրջանային ծրագրերի միջոցով։
Կլիմայի փոփոխության նկատմամբ խոցելի տնտեսական ոլորտներում և էկոհամակարգերում առկա մարտահրավերներին զուգընթաց Հայաստանի կողմից Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) թարմացումը 2020 թ․ էապես կարևոր քայլ է ՋԳ արտանետումների սահմանափակման ռազմավարության ձևավորման և իրագործման, ինչպես նաև հարմարվողականության միջոցառումների առաջնահերթությունների սահմանման առումով։ Հայաստանի կլիմայական փոփոխությունների արձագանքման հավակնոտ օրակարգի առաջնահերթություններն են ցածր ածխածնային զարգացումը, վերականգնվող էներգիայի արտադրման աճը, էներգաարդյունավետության խթանումը, անտառածածկ տարածքների պահպանումն և ընդլայնումը։
ԱՀ-4-ի շրջանակներում ընդլայնվել են կլիմայի փոփոխության հիմնախնդիրների հետ կապված ուսումնասիրությունները և գնահատումները` հաշվի առնելով ԱՀ-3-ի ներկայացումից հետո Կոնվենցիայի ներքո տեղի ունեցած զարգացումները, ինչպես նաև Երկամյա առաջընթացի առաջին և երկրորդ զեկույցների, միջազգային խորհրդատվության և վերլուծության շրջանակներում իրականացված առաջարկները։
Ի լրումն, ԱՀ-4-ում վեր են հանվել կլիմայի փոփոխության առաջացրած խնդիրների լուծման ուղղությամբ առկա բացթողումները, արգելքները և խոչընդոտները, ներառյալ ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը, տվյալների աղբյուրներում հանդիպող անհամապատասխանությունները, տարբեր ոլորտներում խոցելիության գնահատման ուղղությամբ համապարփակ մոտեցման և մեթոդոլոգիայի բացակայությունը, կլիմայի փոփոխության վերաբերյալ ուսումնասիրությունների և սիստեմատիկ դիտարկումների պակասը և այլ հարցեր, ինչպես նաև առաջադրվել են դրանց համապատասխան առաջարկներ և լուծումներ։
Չորրորդ ազգային հաղորդագրության պատրաստումը հնարավոր է դարձել Շրջակա միջավայրի նախարարության և մյուս շահագրգրիռ նախարարությունների, պետական կառույցների, գիտական համայնքի մասնագետների և ազգային փորձագետների համագործակցության ու ներդրումների շնորհիվ։
ԱՀ-4-ի ներկայացմամբ Հայաստանը վերահաստատում է երկրի պատրաստակամությունը Փարիզյան համաձայնագրի իրականացման հարցում՝ կիսելով կլիմայի փոփոխության ազդեցությունների դիմակայմանն ուղղված իր ջանքերն ու ձեռքբերումները և հարմարվողականության միջոցառումների ձևավորումը։