ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 27-րդ համաժողովի (COP27) շրջանակներում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված կից միջոցառմանը ներկայացվեց «ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում կլիմայի երկարաժամկետ ռազմավարությունների մշակումը» համեմատական վերլուծությունը՝ շեշտադրվելով երկրների առաջընթացն իրենց ցածր արտանետումներով զարգացման ճանապարհներին:
Ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունները կարևոր նշանակություն ունեն երկրների Ազգային մակարդակով սահմանված գործողություններով (ԱՍԳ) նախատեսված հավակնոտ թիրախների իրագործման հարցում: Այս առումով, «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) երկրներին մշակելու և իրականացնելու կլիմայական քաղաքականություններ ի նպաստ Փարիզյան համաձայնագրի ներքո ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն զարգացման:
«ԵՄ-ն հաստատապես կանգնած է ԱլԳ երկրների կողքին՝ մինչև 2050 թվականը մշակելու և իրականացնելու ածխածնային չեզոքության հասնելու կլիմայական քաղաքականություններ: Այս նպատակով, «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցում է ԱլԳ երկրներին մշակելու ցածր արտանետումներով ռազմավարություններ ռեսուրսարդյունավետ, ցածր արտանետումներով և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայուն տնտեսություններ ստեղծելու համար»,-ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց Եվրոպական հանձնաժողովի Արևելյան գործընկերության և ինստիտուցիոնալ զարգացման հարցերով տնօրեն պարոն Լոուրենս Մերեդիթը:
«Քանի որ ԱլԳ տարածաշրջանը հայտնի է էներգետիկ ռեսուրսների ինտենսիվ կիրառության տնտեսություններով և կրում է կլիմայական ճգնաժամի ծանր ազդեցությունները, ՄԱԶԾ-ը ԵՄ-ի հետ համատեղ աջակցում է այս տարածաշրջանում քաղաքականությունների մշակմանը, այդ թվում՝ ցածր ածխածնային և կլիմայական դիմակայունության զարգացմանը», - ասաց Շրիլատա Կամիլան՝ ՄԱԶԾ Կլիմայի հարմարվողականության գծով ղեկավարը:
Շրջակա միջավայրի փոխնախարար տիկին Գայանե Գաբրիելյանը խոսեց ՀՀ կառավարության կողմից երկրի տնտեսական ոլորտներում կլիմայական մարտահրավերների դիմակայման ուղղությամբ իրականացվող հիմնական ռազմավարությունների և քաղաքականությունների շրջանակի մասին:
«ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ Հայաստանի երկարաժամկետ, ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության և ՀՀ կլիմայի մասին օրենքի մշակումը ևս մեկ ռազմավարական հիմնաքար կհանդիսանա: Սա Կառավարությանը կապահովի այս դարի երկրորդ կեսին՝ ածխածնային չեզոքության ճանապարհին կլիմայական քաղաքականության նպատակներին հասնելու տեսլականով, և կաջակցի շրջակա միջավայրի համար անվտանգ, երկարաժամկետ պլանավորումներին էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, թափոնների, գյուղատնտեսության, հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության և անտառային տնտեսության ոլորտներում»,- նշեց տիկին Գաբրիելյանը։
Միջոցառման ընթացքում ԱլԳ երկրների ներկայացուցիչները ներկայացրին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում մշակված ոլորտային ուսումնասիրություններ՝ փոխանակելով իրենց գիտելիքն ու փորձը տեղական մակարդակում կլիմայական չեզոքության հասնելու քաղաքականությունների մշակման վերաբերյալ:
Ներկայացնելով Հայաստանի ոլորտային ուսումնասիրությունը՝ «Էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի 2022-2030 թթ. ծրագիրը»՝ ՄԱԶԾ Հայաստանի Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող տիկին Դիանա Հարությունյանը խոսեց 2022թ. Կառավարության կողմից ընդունված ծրագրում իրականացվող քաղաքականության ուղղությունների, նպատակների, թիրախների և դրա իրականացման մեխանիզմների մասին:
«Որպես էներգետիկ անկախության և անվտանգության երաշխիք՝ Հայաստանը դիտարկում է վերականգնվող էներգիայի ընդլայնումը (արևային, քամու, երկրաջերմային) երկրի էներգետիկ քաղաքականության կարևոր ուղղություն, և այդ նպատակով էլ ծրագիրը կարևորում է էներգիայի պահպանման մարտկոցային համակարգերի ներդրման և զարգացման հնարավորությունը»,-ասաց տիկին Հարությունյանը։
Ներքին պահանջարկի բավարարման նպատակով երկիրը ձգտելու է մինչև 2030 թվականը կրճատել էներգիայի արտադրության հետևանքով առաջացող ջերմոցային գազերի արտանետումները ավելի քան 60 տոկոսով՝ համեմատ 1990 թվականի արտանետումներին: Իսկ մինչև 2030 թվականը էներգետիկ ոլորտում ՋԳ արտանետումները 1990 թվականի համեմատ կնվազեն 50 տոկոսով: Էներգախնայողության և էներգաարդյունավետության տեսանկյունից ծրագրում առաջնահերթությունը տրված է տնային տնտեսություններին, տրանսպորտին և հանրակրթական դպրոցներին՝ հետամուտ լինելով բարձրացնելու «էլեկտրաֆիկացման» մակարդակը (գազի փոխարինումը էլեկտրաէներգիայով):
Այնուհետև ԱլԳ մյուս երկրները ներկայացրին իրենց իրականացրած ոլորտային ուսումնասիրությունները՝ կիսվելով համապատասխան ոլորտներում քաղաքականության մշակման վերաբերյալ իրենց փորձով և հիմնական գործողություններով:
Ամփոփելով՝ կից միջոցառումը արժեքավոր հնարավորություն էր բարձրաձայնելու «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի աջակցությամբ ԱլԳ երկրների գրանցած հիմնական արդյունքների և ձեռքբերումների մասին՝ ներկայացնելով դրանք որպես COP27-ի կլիմայական գլոբալ գործողության մի մաս: