Օգոստոսի 15-ին կայացավ «Կլիմայական և կապակցված բնական վտանգների ու ռիսկերի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) քարտեզների հավաքածուի ներկայացում և քննարկում» խորագրով աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել էր «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի շրջանակում. Աշխատանքներն իրականացվել են «ԳԵՈՌԻՍԿ» գիտահետազոտական ընկերության կողմից:
Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել և շահառուների հետ քննարկել Շիրակի և Լոռու մարզերի համար մշակված Կլիմայական և կապակցված բնական վտանգների և ռիսկերի աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) քարտեզների հավաքածուն, ինչպես նաև ցուցադրել տարածական տվյալների հավաքագրման, կառավարման և ազատ տարածման համար ստեղծված Geonode երկրատարածական տվյալների կառավարման առցանց համակարգը: ՄԱԶԾ աջակցության ներքո «ԳԵՈՌԻՍԿ» ընկերությունը նաև պատրաստակամություն է հայտնել իրականացնել դասընթացներ Շրջակա միջավայրի նախարարության կողմից նշանակված կառույցի համապատասխան մասնագետների համար` GeoNode առցանց համակարգի կառավարման սկզբունքների, ինչպես նաև ստեղծված քարտեզների պահպանման, լրացման, թարմացման և հասանելիության ապահովման վերաբերյալ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին:
Իր ողջույնի խոսքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդգծեց կլիմայի փոփոխության ռիսկերի վերաբերյալ հավաստի տեղեկատվության առկայության կարևորությունը և ոլորտում տարբեր պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների և գիտական կառույցների միջև համագործակցության անհրաժեշտությունը:
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին շեշտեց մարզային հարմարվողականության պլանների և կլիմայական համապատասխան բնական վտանգների և ռիսկերի ատլասի մշակման կարևորությունը և վստահություն հայտնեց, որ մշակված քարտեզները կօգնեն քաղաքականություն մշակող պաշտոնյաներին համայնքների կլիմայական դիմակայունության բարձրացմանն ուղղված ծրագրերի նախագծման և նախաձեռնությունների իրականացման հարցում:
Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Էկոնոմիկայի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ վիճակագրական կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի, Շիրակի և Լոռու մարզպետարանի աշխատակազմի, ինչպես նաև գիտակրթական հաստատությունների ու ՄԱԶԾ ավելի քան 50 ներկայացուցիչ:
Միջոցառման օրակարգը
Ներկայացված նյութերը