Հայ
Eng
Կլիմայի փոփոխության հիմախնդիրներն ու լուծումները ՀՀ կառավարության և Ազգային ժողովի համագործակցության համատեքստում
06 փետրվարի 2023

Կլիմայի փոփոխության հիմախնդիրներն ու լուծումները ՀՀ կառավարության և Ազգային ժողովի համագործակցության համատեքստում

Alt

Փետրվարի 3-ին ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» թեմատիկ հանդիպումը՝ ԱԺ խորհրդարանականների և հանձնաժողովների անդամների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ։


Քննարկման առանցքում էին ՀՀ Ազգային ժողովի օրակարգում կլիմայի փոփոխության խնդիրների ինտեգրումը, կլիմայի փոփոխության ազդեցություններին ուղղված գործողություններում Ազգային ժողովի հնարավոր ներգրավածության հարցերը։ Մասնավորապես, ՀՀ խորհրդարանականները՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող  Դիանա Հարությունյանի հետ միասին քննարկեցին և նախանշեցին ՀՀ Ազգային ժողովում «Կլիմայի փոփոխության» օրակարգը ձևավորելու և դրանում առաջնահերթությունների և հիմնական գործողությունների սահմանելու հետ կապված հարցեր։


Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ստանձնած պարտավորությունները և առաջնահերթությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարում։ Նա անդրադարձավ նաև ոլորտային մի շարք հիմախնդիրների, որոնց շուրջ համագործակցության և լուծումների քննարկման նպատակով կողմերը համաձայնեցին շարունակական դարձնել նման ձևաչափի հանդիպումները։


Հանդիպման մասնակիցների կողմից նախանշվեց նաև Ազգային ժողովում կլիմայի փոփոխության հարցերով միջհանձնաժողովային աշխատանքային խմբի ձևավորումը՝ բաղկացած ոլորտային հանձնաժողովների ներկայացուցիչներից՝ ի նպաստ համագործակցության եզրերի ձևավորմանը և առավել արդյունավետ և ակտիվ փոխգործակցությանը։


Հանդիպման մասնակիցները կարևորեցին կլիմայի փոփոխության դեմ պայքարում Կառավարության և Ազգային ժողովի միջև ընդլայնված համագործակցությունը, որն առավել արդյունավետ պայմաններ կստեղծի ԱԺ խորհրդարանական վերահսկողության օրակարգի լիարժեք իրականացման համար։


Սույն քննարկման և հետագա հանիպումների համար հիմք են ծառայում 2022 թ․ նոյեմբերի 25-26-ը կայացած  «Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում» ՀՀ խորհրդարանականների համար կազմակերպված համաժողովի արդյունքում հավաքագրված առաջարկությունները։ Համաժողովը համակազմակերպվել էր ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի (ՆՀԺԽ), ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի և ՄԱԶԾ Բանգկոկի տարածաշրջանային գրասենյակի «Գենդերազգայուն և ռիսկերի վրա հիմնված կայուն զարգացման գլոբալ ծրագրի» կողմից։


 


 


 



Կիսվել