Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ ս.թ. հունիսի 8-ին ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակում ներկայացրեցին շվեդ և հայ երգիծանկարիչների աշխատանքները, ովքեր հումորի և երգիծանքի միջոցով արտահայտել են իրենց վերաբերմունքը կլիմայի փոփոխության խնդրին: Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի երգիծանկարիչների միության հետ մեկտեղ և նպատակ ունի խթանել թեմայի շուրջ քննարկումները և առաջարկել նոր հեռանկարներ:
Ցուցահանդեսում ներկայացված են շվեդ երգիծանկարիչների՝ Մագնուս Բարդի, Ռիբեր Հանսսոնի, Հելենա Լինդհոլմի, Կարին Սունվիսսոն և Լավ Անթելի և Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիայի մի շարք անդամներ և անկախ երգիծանկարիչներ՝ Սամվել Աբգարյանը /ԱԲԳ/, Արսեն Գևորգյանը /Dizo./, Ժաննա Դադաշյանը /D.J./, Արսեն Թորոսյանը, Զավեն Օհանյանը և ասոցիացիայի նախագահ՝ Սուքիաս Թորոսյանը /ToTo/:
Շվեդ-հայկական ցուցահանդեսը կներկայացվի Հայաստանի մի քանի քաղաքներում: Երգիծանկարների ցուցադրությանը զուգահեռ ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակը հանրապետության տարբեր մարզերում կկազմակերպեն քննարկումներ և դասախոսություններ ներգրավելով երիտասարդներին և աշակերտներին: Այն զարկ կտա երևակայությանը և նոր մոտեցումներ կառաջարկի կլիմայի փոփոխության և բնապահպանական հարցերի շուրջ հանրային քննարկումների համար:
Կլիմայի փոփոխությունը սպառնում է մեր կենսապայմաններին, առաջացնում է բնական աղետներ և ստիպում մարդկանց լքել իրենց բնակավայրը: Կայուն ապագան պահանջում է հավակնոտ կլիմայական, էներգետիկ և բնապահպանական քաղաքականություն: Շվեդիայի կառավարությունը հավակնում է առաջնորդող դեր ունենալ ավելի կայուն հասարակություն ապահովելու գործընթացներում և հավատարիմ մնալ զարգացման գլոբալ նպատակներին ու 2030թ. Օրակարգին։