Սույն թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցավ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփման աշխատաժողովը», որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ՝ «ԵՄ-ն կլիմայի համար» և «Կլիմայական խոստում» ծրագրերի աջակցությամբ։ Այն անցկացվում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի Կողմերի 28-րդ համաժողովին (COP28) ընդառաջ, որը կկայանա ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:
Աշխատաժողովի նպատակն էր COP28-ի նախաշեմին երկխոսության հարթակ ապահովել կառավարության, մասնավոր հատվածի և զարգացման գործընկերների համար՝ Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած հանձնառությունների իրականացման արդյունքների, ինչպես նաև՝ նախատեսվող անելիքների վերաբերյալ տեղեկատվություն և մտքեր փոխանակելու համար։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան, դոկտոր Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակի Տարածաշրջանային ղեկավար Դեո Գաբինետեն։
Ընդգծելով կառավարության և միջազգային գործընկերների միջև կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ պարբերական խորհրդակցությունների կարևորությունը՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նշեց.
«Մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի այն հիմնված է կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի է երկրի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների հետ»։
Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր գնահատեց ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության երկար տարիների համագործակցությունը՝ միտված Հայաստանի առաջնահերթ ոլորտների զարգացմանը։
«Մինչ Կողմերի 28-րդ համաժողովը, այս միջոցառումը լավ հնարավորություն է վերանայելու երկրում կատարված աշխատանքը կլիմայական օրակարգի իրականացման ուղղությամբ և գործընկերների հետ քննարկելու քաղաքականությունների և ծրագրային մակարդակում արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Քանի որ Կողմերի 28-րդ համաժողովին կներկայացվի Փարիզյան համաձայնագրի իրականացման վերաբերյալ Գլոբալ առաջընթացի առաջին գնահատումը, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ ենք մենք հիմա, և ինչ գործողություններ են անհրաժեշտ եղած բացերը լրացնելու համար»,-ընդգծեց նա:
«Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը չի ճանաչում սահմաններ և քաղաքականություն։ Այն միայն մեկ ազգի կամ ազգերի խմբի պատասխանատվություն չէ: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակին հասնելու համար հրամայական է շտկել գլոբալ ընթացքի ուղղությունը: COP28-ը, որպես մեր հավաքական ջանքերի հաջորդ քայլ, կոչ է անում աշխարհին «Միավորվել, գործել, ի կատար ածել»,-նշեց ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Ն․Գ․ դր․Նարիման Ալ-Մուլլան:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Հայաստանում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ իրականացվող քաղաքականությունները և գործողությունների շրջանակը, իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ զարգացման նախադրյալների ստեղծման համար կիրառվող գործիքակազմը և աջակցության ներգրավումը, պետական և ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացմանը միտված գործողությունները։
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը խոսեց ծրագրի ներքո մշակված կլիմայական քաղաքականության առանցքային փաստաթղթերի, մասնավորապես՝ ՋԳ ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարության նախագծի, սահմանված թիրախների և իրականացման սցենարների, ինչպես նաև՝ կլիմայի մասին օրենքի նախագծի, դրա կարգավորման շրջանակի, նպատակների և խնդիրների մասին:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը ներկայացրեց Փարիզյան համաձայնագրի ներքո թափանցիկության ընդլայնված շրջանակը և հաշվետվողականության գործիքակազմը, այդ ուղղությամբ ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացման քայլերը, ջերմոցային գազերի գույքագրման ընթացակարգերում առկա մարտահրավերները, խնդիրները, բացերն ու հնարավոր լուծումները, մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների և միջոցառումների առաջընթացի հաշվետվողականության մոտեցումները:
Համաժողովին ներկա գտնվեցին շուրջ 90 մասնակից՝ ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններից և համապատասխան պետական կառույցներից, միջազգային և դոնոր կազմակերպություններից, ՄԱԶԾ գրասենյակից և ԱՍԳ Գործընկերության աջակցման գրասենյակից: