Հայ
Eng
Պլանավորումից մինչև իրականացում. հարմարվողականության քաղաքականությունները քննարկվեցին տարածաշրջանային աշխատաժողովում
06 ապրիլի 2023

Պլանավորումից մինչև իրականացում. հարմարվողականության քաղաքականությունները քննարկվեցին տարածաշրջանային աշխատաժողովում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ապրիլի 4-ին Վարշավայում կայացավ ազգային հարմարվողականության ռազմավարություններին և պլաններին նվիրված տարածաշրջանային աշխատաժողով Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում:

 

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի հարմարվողականության բաղադրիչն աջակցում է հարմարվողականության պլանավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հարմարվողականության ծրագրերի մշակմանը և ընդունմանը ինչպես ազգային, այնպես էլ՝ ոլորտային մակարդակներում: Հիմնական նպատակ ունենալով առաջխաղացնել երկրների ջանքերը ազգային հարմարվողականության ծրագրերի (ՀԱԾ) մշակման և աղետների ռիսկերի նվազեցման և բնական վտանգների կառավարման փոխկապվածության ուղղությամբ՝ աշխատաժողովի նպատակն էր քննարկում ծավալել ՀԱԾ-երի մշակումից մինչև հարմարվողականության գործողությունների անցման վերաբերյալ:

 

Համախմբելով շուրջ 50 մասնակցի՝ ներկայացուցիչներ ԱլԳ երկրների կառավարություններից, մասնագետներ և փորձագետներ ԵՄ անդամ երկրներից և բնապահպանական հաստատություններից՝ աշխատաժողովը միտված էր աջակցելու քաղաքականություն մշակողներին և տեխնիկական հարցերով պաշտոնյաներին կլիմայի փոփոխության հարմարվողականության քաղաքականության մշակման հարցում՝ ԵՄ տարածքում և տարածքից դուրս հարմարվողականության փորձի և մոտեցումների փոխանակման միջոցով:

 

Ողջունելով մասնակիցներին՝ Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից (DG NEAR) Նիկոլաս Սենդրովիցը նշեց.

 

«Հաշվի առնելով, որ ԱլԳ երկրները ավելի լրջորեն են բախվում կլիմայի փոփոխության ազդեցություններին՝ համեմատած այլ տարածաշրջանների հետ, գործելու ժամանակը հիմա է:  Քանի որ երկրները շարունակում են Փարիզյան համաձայնագրի ներքո ներկայացնել հարմարվողականության իրենց առաջնահերթությունների իրականացման մասին, ԵՄ-ն հավատարիմ է մնում իր խոստմանը աջակցելու այդ երկրներին կլիմայի փոփոխության անխուսափելի ազդեցություններին դիմակայելու հարցում՝ հարմարվողականության քաղաքականությունների մշակման և իրականացման միջոցով»:

 

ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակի Կլիմայի, բնության և էներգետիկայի բաժնի ղեկավար տիկին Լաուրա Ալթինգերը խրախուսեց ԱլԳ երկրների զգալի ջանքերը՝ ուղղված «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում կլիմայի մեղմման և հարմարվողականության գործողությունների ամրապնդմանը:

 

«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը հպարտությամբ է փաստում, որ աջակցել է ԱլԳ երկրներին իրենց վերանայված ԱՍԳ-ների, ՑԱԶՌ-երի մշակման և ԵՄ քաղաքականությունների հետ նրանց կլիմայի փոփոխության քաղաքականությունների ավելի սերտ ներդաշնակեցման հարցում: Այս աշխատաժողովը արդյունավետ հարթակ կծառայի ԵՄ հաստատությունների և անդամ երկրների փորձի և հաջողված պրակտիկայի փոխանակման համար, քանի որ հարմարվողականությունը առաջնային պլան է մղվում ահագնացող  եղանակային  արտասովոր դրսևորումների և այդ պայմաններին հարմարվելու աճող կարիքների առկայության համատեքտում»,- նշեց տիկին Ալթինգերը։  

 

Հաջորդիվ ԱլԳ երկրների ներկայացուցիչները զեկուցեցին իրենց հարմարվողականության ռազմավարությունների մշակման և իրականացման ընթացիկ վիճակի մասին՝ հայտնելով աշխատաժողովից իրենց ակնկալիքների մասին:

 

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Աննա Մազլումյանը ներկայացրեց Հայաստանի կլիմայական քաղաքականության շրջանակը և օրակարգը՝ կարևորելով ազգային, ենթազգային և ոլորտային մակարդակներում հարմարվողականության գործողությունները, ինչպես նաև՝ ՀԱԾ-ի իրականացումից բխող առանցքային կլիմայական նախաձեռնությունները:

 

Որպես հարմարվողականության ծրագրերի և երկրների փորձառությունների միջտարածաշրջանային փոխանակման մաս, Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի ՀԱԾ իրականացման և մոնիտորինգի ղեկավար տիկին Նաիրա Ասլանյանը խոսեց ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո իրականացված կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատման Հայաստանի փորձի մասին: Մասնավորապես, նա ներկայացրեց հարմարվողականության համատեքստը, ազգային և ոլորտային հարմարվողականության գործողությունների ընթացքը և ՀԱԾ իրականացման իրավական դաշտը: Տիկին Ասլանյանը նաև խոսեց կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատման անցկացման համար կիրառված մեթոդոլոգիաների, գնահատման սոցիալ-տնտեսական չափումների, ինչպես նաև՝ գնահատման ընթացքում գրանցված հիմնական մարտահրավերների ու խոչընդոտների և դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին:

 

Հետեվեցին հարմարվողականության հաղորդակցությունների մշակման մոտեցումների, Գլազգո-Շարմ էլ-Շեյխ աշխատանքային ծրագրի, հարմարվողականության պլանավորման հարցում ԵՄ-ի ռազմավարական մոտեցման և միջսահմանային ու անդրսահմանային համագործակցության մեխանիզմների, ԵՄ-ում ազգային հարմարվողականություններից բխող գործողությունների ընթացքի մասին քննարկումները, որոնք ներկայացվեցին ՄԱԿՓՇԿ-ի,  Եվրոպական հանձնաժողովի Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինության (DG CLIMA) և Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության ներկայացուցիչների կողմից:

 

Ի լրումն, զեկույցներ եղան կլիմայական և հարմարվողականության անդրսահմանային ռիսկերի, անդրսահմանային տիրույթում գիտելիքի պակասի և տվյալների բացերի, ինչպես նաև՝ այն լուծումների մասին, որով երկրներն ու տարածաշրջանները հաղթահարում են այդ ռիսկերը՝ հանուն առավել ամուր դիմակայունության ստեղծման:

 

Աշխատաժողովը նպաստավոր էր մասնակիցների միջև երկխոսության ծավալման տեսանկյունից, որի շնորհիվ վեր հանվեցին այն հիմնական խնդիրներն ու մարտահրավերները, որոնց երկրները բախվում են իրենց հարմարվողականության ծրագրերի մշակման ընթացքում: Այն նաև խթանեց ազգային և ենթազգային մակարդակներում գործողությունների վերաբերյալ գիտելիքի փոխանակմանը, ինչպես նաև՝ զգալիորեն ուղղորդեց հարմարվողականության իրականացման հարցում՝ հիմնվելով մասնակիցների կողմից ներկայացված հիմնական քաղած դասերի ու փորձի վրա:

 

Օրակարգ

Զեկույցներ


Կիսվել