Միավորված Ազգերի Զարգացման Ծրագիրը 2019թ. օգոստոսի 28-ին կազմակերպել էր աշխատաժողով՝ «Կլիմայի փոփոխության և էներգետիկ ոլորտներին առնչվող գենդերային հարցերը» խորագրով, որին մասնակցեցին «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ցանցի շուրջ 20 անդամ՝ պետական, կրթական, հասարակական և այլ կազմակերպություններից։ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծեց, որ կլիմայի փոփոխության հետևանքների մեղմման և հարմարվողականության արդյունավետ քաղաքականության և ծրագրերի մշակման համար կարևոր է հաշվի առնել գենդերային հարցերը, քանի որ կանայք և տղամարդիկ` կախված իրենց դերերից և հնարավորություններից դառնում են խոցելի կլիմայի փոփոխության բացասական հետևանքների առջև։ Ներկայումս ՄԱԶԾ-ն աջակցում է ՀՀ կառավարությանը Կլիմայի փոփոխության բնագավառում գենդերային հարցերով ստանձնած հանձնառությունների կատարման գործընթացում, մասնավորապես՝ գենդերային պահանջների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, կարողությունների հզորացման, ինչպես նաև վերլուծական կենտրոնների ստեղծման բնագավառներում։
Դիանա Հարությունյանը նշեց, որ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագիրը մի շարք նախագծեր է իրականացնում, որոնցում ներառված է գենդերային բաղադրիչը, իսկ այս միջոցառման քննարկման արդյունքները կաջակցեն այդ ծրագրերի ազդեցության հասցեականության և արդյունավետության բարձրացմանը:
Աշխատաժողովի ընթացքում զեկույցով հանդես եկավ ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի սոցիալական խոցելիության և գենդերային հարցերի փորձագետ Աստղիկ Միրզախանյանը՝ նկարագրելով Կլիմայի փոփոխությանն առնչվող գենդերային հավասարության իրավական շրջանակը, հիմնական նպատակադրումները և դրանց հասնելու մեխանիզմները՝ անդրադառնալով նաև Կայուն զարգացման նպատակների կլիմայի փոփոխության, խոցելի խմբերի և գենդերային հավասարության փոխկապակցված ենթանպատակներին։
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրի կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտի գենդերային փորձագետ և «Կանայք կլիմայում և էներգետիկայում» ՀԿ նախագահ Նունե Սաքանյանը ներկայացրեց էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում գենդերային վերլուծություն իրականացման և գենդերային հարցերի ընդգրկման անհրաժեշտությունը՝ առաջարկելով վերլուծության ամենատարածված մեթոդները։
Այնուհետև մասնակիցները բաժանվեցի երեք խմբերի՝ գենդերային տեսանկյունից կլիմայի փոփոխության և էներգետիկայի ոլորտում առկա իրավիճակը քննարկելու և վերլուծություն իրականացնելու նպատակով:
Խմբերը ներկայացրին իրենց կողմից իրականացված վերլուծությունները. մասնավորապես տրանսպորտի և շարժունության ոլորտում ընդգծվեց, որ հիմնականում կանայք և երեխաները հետիոտնի դերում են լինում, օգտվում են հանրային տրանսպորտից, հետևաբար անհրաժեշտ է ուշադրության կենտրոնում պահել մայթերի լուսավորվածությունը և մատչելիությունը, ինչպես նաև հարմարեցնել հանրային տրանսպորտը մանկասայլակների համար: Երկրորդ խումբը, դիտարկելով Էներգիայի օգտագործման բնագավառը, ընդգծեց կլիմայի փոփոխության հետևանքով գյուղական համայնքներում կանանց ծանրաբեռնվածությունը և խոցելիությունը կախված օգտագործվող էներգակրի տեսակից։ Նշվեց, որ բնակելի հատվածում էներգաարդյունավետ միջոցառումների իրականացումն անհամեմատ կթեթևացնի կանանց հոգսերը: Երրորդ խումբը նշեց, որ քաղաքներում ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուրներից են տրանսպորտային միջոցները, քաղաքային լուսավորության ապահովումը։ Այս համատեքստում կարևորվեց արտաքին լուսավորության արդիականացման անհրաժեշտությունն, քաղաքային կառավարման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը՝ հաշվի առնելով կանանց և տղամարդկանց հնարավոր կարիքները և մտահոգությունները: Ընդգծվեց նաև, որ կինը քաղաքային պլանավորման ոլորտում որոշում կայացնելու համեմատական ավելի շատ հնարավորություն ունենալով, կարծես թե պասիվ դիրքում է գտնվում: Կնոջ դերը շարունակում է համապատասխանել ավանդական արժեքներին:
Աշխատաժողովի ավարտին բոլոր խմբերը նշեցին, որ անհրաժեշտ է իրականացնել իրազեկման աշխատանքներ՝ ապահովվելով կանանց և խոցելի խմբերի մասնակցությունը և ներգրավվածությունը քննարկումների և որոշում ընդունելու գործընթացներում։