Հայ
Eng
Տեղի ունեցավ ապօրինի ծառահատումների վերաբերյալ մեթոդական ցուցումների ձեռնարկի շնորհանդեսը
14 հուլիսի 2021

Տեղի ունեցավ ապօրինի ծառահատումների վերաբերյալ մեթոդական ցուցումների ձեռնարկի շնորհանդեսը

Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt

Հուլիսի 13-ին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բյուրոյի և Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության մասնագետների համահեղինակությամբ հրատարակված «Դատական փորձաքննությունների նշանակումն ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության ընթացքում մեթոդական ցուցումներ»  ձեռնարկի շնորհանդեսը: Ձեռնարկի  տպագրությունը ֆինանսավորվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում։


Միջոցառմանը հրավիրվել և մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության դատախազությունից, ազգային անվտանգության ծառայությունից, հատուկ քննչական ծառայությունից, քննչական կոմիտեից, ոստիկանությունից, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, ՀՀ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակից և այլ կազմակերպություններից:


Շնորհանդեսին ողջույնի խոսքով հանդես եկավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա. Հովսեփյանը, տեսակապի միջոցով ելույթ ունեցավ ձեռնարկի համահեղինակ Ռուսաստանի Դաշնության «Առողջ անտառ» ընկերության Վոլոգդայի մասնաճյուղի ղեկավար Յու. Ժավորնիկովը:


Ելույթով հանդես եկավ նաև ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող ԴիանաՀարությունյանը՝ ընդգծելով ՄԱԶԾ գրասենյակի առանձնակի ջանքերը և գործողությունները անտառվերականգնման, անտառների վերաճի, անտառածածկ տարածքների արդյունավետ կառավարման և պահպանության ուղղությամբ և ողջունեց գործնական նշանակություն ունեցող նման ձեռնարկի հրատարակման կարևորությունը:


Այնուհետև ներկայացվեց զեկույց Բյուրոյի փորձագետ Տ. Հայրապետյանի կողմից:


Բյուրոյի տնօրեն Ա.Հովսեփյանը ներկայացրեց 2018թ.-ից ՀՀ-ում առաջին անգամ ներդրված դենդրոքրոնոլոգիական մեթոդների ներդման գործընթացը, շնորհակալություն հայտնելով այն գերատեսչություններին՝ ի դեմս նրանց ղեկավարների, ովքեր գործուն քայլեր են ձեռնարկել ի աջակցություն դրա իրականացմանը, ներկայացրեց տվյալ փորձագիտական հնարավորությունների կիրառման և պարզման ենթակա հարցերի շրջանակները, զարգացման հեռանկարներն ու գործնականում առկա խնդիրները:


Ա.Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ ձեռնարկում նկարագրված են ապօրինի անտառահատումների բացահայտման և քննության շրջանակներում վարույթ իրականացնող մարմինների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում անհրաժեշտ նմուշների ճիշտ վերցման և մակնշման, դրանց պահպանության, դեպքի բնույթից ելնելով նշանակվող փորձաքննությունների տեսակների, փորձաքննությանն առաջադրվող հարցերի շրջանակների և այլ խնդիրների ճշգրիտ և ամբողջական լուծմանն ուղղված կարևոր տեղեկատվություն, որի կիրառումը գործնականում կնպաստի ապօրինի անտառահատումների հետ կապված հանցագործությունների բացահայտման և քննության առավել արդյունավետ իրականացմանը:


Ծավալված քննարկմանը ներկաները մտքեր փոխանակեցին անտառահատումների դեմ պայքարում առկա բացերի և հնարավոր լուծումների, ինչպես նաև՝ նմանօրինակ հրատարակությունների միջոցով հանրային իրազեկության բարձրացման կարևորության մասին։


Առանձնակի կարևորվեց բոլոր շահառու գերատեսչությունների ներուժի ներդաշնակ համադրումը, որով հնարավոր կլինի կառավարելի դարձնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարի արդյունավետ իրականացումը:


 


 



Կիսվել