Երևան, 15 ապրիլի 2021 թ. – ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Կլիմայի փոփոխության կրթության և իրազեկման՝ Կլիմայական արկղիկ» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի շնորհանդեսը։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորմամբ և ՄԱԶԾ-ի համաֆինանսավորմամբ։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի հիմնական արդյունքները և Հայաստանի համատեքստին համապատասխան մշակված և տեղայնացված կրթական նյութերը։
2017թ․ հուլիսին մեկնարկած «Կլիմայի փոփոխության կրթության և իրազեկման» ծրագիրը նպատակ ուներ հասարակությանը և հատկապես երիտասարդությանն ուսուցանել և իրազեկել կլիմայի փոփոխության ազդեցությունների և դրան նպաստող հանգամանքների մասին կլիմայի փոփոխության վերաբերյալ նորարարական, փոխգործուն ուսուցման գործիքակազմի` «Կլիմայական արկղիկ»-ի միջոցով։
Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանում ՌԴ դեսպանության Արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դմիտրի Ռյախովսկին, Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Էդգար Առաքելյանը, ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակից Նատալյա Օլոֆինսկայան և Յուլիա Դոբրոլյուբովան ողջունեցին միջոցառման մասնակիցներին և կարևորեցին կլիմայի փոփոխության դիմակայման հարցում կրթության և իրազեկության բարձրացումը, հատկապես՝ երիտասարդների շրջանում, քանի որ նրանք են բոլորիս համար ավելի առողջ և կայուն աշխարհի ապագա կերտողները։
«Բնապահպանական կրթությունը և, մասնավորապես, կլիմայի փոփոխության մասին երիտասարդության իրազեկվածությունն ու ներգրավվածությունը կարևոր են Հայաստանում կայուն զարգացման համար: «Կլիմայական արկղիկ» ծրագիրն իր նպաստն ունեցավ ՄԱԶԾ գործունեության ավելի լայն շրջանակի՝ Հայաստանում կլիմայական խելացի լուծումների և կլիմայական դիմակայունության ձևավորման համար», - նշեց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միհայելա Ստոյկոսկան իր բացման խոսքում: Նա նաև կարևորեց ծրագրի հիմնական արդյունքները՝ ընդգծելով նորարարական ուսումնական նյութերի և փոխգործուն գործիքների միջոցով աշակերտների ներգրավվածությունը, դպրոցներում «Կլիմայական արկղիկ»-ի կիրառման նպատակով ավելի քան 300 հանրակրթական դպրոցների ուսուցիչների և մեթոդաբանների վերապատրաստումը, ինչպես նաև՝ «Կլիմայական արկղիկ»-ի պիլոտավորումը միջին և ավագ դպրոցներում՝ կլիմայի փոփոխությանն առնչվող նախաձեռնություններին ավելի քան 15,000 աշակերտների ակտիվ մասնակցությամբ։
Հայաստանում «Կլիմայական արկղիկ» ծրագրի համակարգող Արմինե Պողոսյանը խոսեց ծրագրի նպատակների և ձեռքբերումների, «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի տեղայնացման և ոլորտի փորձագետների աջակցությամբ Հայաստանի համատեքստին դրա համապատասխանեցման մասին, ինչպես նաև մի շարք կրթական նյութերի, ներառյալ՝ խաղերի և վիկտորինաների, ուսուցիչների համար մշակված ուղեցույցների և ձեռնարկների միջոցով Հայաստանի դպրոցներում «Կլիմայական արկղիկ» -ի հաջողված պիլոտավորումների մասին:
«Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի փաթեթը համաձայնեցվել է կրթական ազգային ծրագրի հետ և ներառվել է հանրակրթական ծրագրի համապատասխան առարկաների դասավանդման պլաններում, իսկ դպրոցներին տրամադրվել է մշակված «Կլիմայական արկղիկ» ուսումնական նյութերի 1000 օրինակ։
Միջոցառման ընթացքում ծրագրի շրջանակներում վերապատրաստված ուսուցիչները մասնակիցների հետ կիսվեցին «Կլիմայական արկղիկ»-ի կիրառման իրենց հաջողված պատմություններով, իսկ «կլիմայական դեսպան» աշակերտներն էլ՝ իրենց ուղերձներով և ձեռքբերումներով։