Մայիսի 31-ին Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողովի «Հոդվածների ժողովածուի շնորհանդես»-ը համախմբեց շուրջ 30 մասնակիցների, ներառյալ ներկայացուցիչների Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, գիտական համայնքից, մասնավոր հատվածից, ինչպես նաև տեղական և միջազգային մասնագետներին, ուսանողներին և վերականգնվող էներգետիկայի ոլորտի փորձագետներին:
Ավելի վաղ 2020 թ․ նոյեմբերին անցկացված «Էներգիա ապահով ապագայի համար – Հայաստանի ցածրածխածնային զարգացումը. գիտություն, նորարարություն և կիրառություն» թեմայով 7-րդ միջազգային համաժողովը կազմակերպվել էր «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության և երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Վերականգնվող եւ մաքուր էներգիայի հասարակական խորհրդի կողմից:
Համաժողովի նպատակն էր նպաստել ազգային կարողությունների զարգացմանը ու գիտելիքների ձեքբերմանը՝ ներգավելով տեղական և միջազգային երիտասարդ և առաջատար գիտնականներին, փորձագետներին ներգրավման միջոցով, ինչպես նաև՝ ինտեգրել կլիմայի փոփոխության խնդիրները ազգային կայուն և միջազգային օրակարգերում՝ ողղված ցածր ածխածնային զարգացմանը:
Էներգետիկայի ոլորտը՝ որպես Հայաստանի ռազմավարական զարգացման կարևոր բաղադրիչ, ինչպես նաև ներառված լինելով երկրի Ազգային մակարդակով սահմանված գործողություններում (ԱՍԳ), որը վերջերս ներկայացվեց ՄԱԿՓՇԿ քարտուղարությանը, արտանետումների հիմնական ոլորտներից մեկն է։ Ուստի այն պահանջում է փոփոխել և գործի դնել զարգացման նոր մոդելներ՝ հիմնական նպատակ ունենալով ավանդական միջոցառումներից անցում կատարելու կանաչ սկզբունքների և վերականգնվող էներգիայի աղբյուրների՝ արևի, քամու և երկրաջերմային էներգիայի առավելագույնս օգտագործմանը։
Հոդվածների ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ 25 տեղական և միջազգային հեղինակների թեմատիկ, գործնական նյութեր և ցուցանմուշներ նորարարական տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի զարգացման և ցածր ածխածնային տնտեսության հաջողած փորձի վերաբերյալ, արժեքավոր աղբյուր կծառայի այս ուղղությամբ ազգային ջանքերի մոբիլիզացման համար: Հրապարակման մեջ ընդգրկված թեմատիկ թեմաներն են Հայաստանում քամու էներգիայի ներուժի գնահատումը, գյուղերում էներգախնայողությանը և այլընտրանքային էներգիային ուղղված միջոցառումները, էլեկտրաքիմիական էներգիայի արտադրման և արդյունաբերական թափոններից ջրածնի տեխնոլոգիական արտադրության մեթոդները, արևային էլեկտրակայանների հեռահար հսկման համակարգը, արևային ՖՎ վահանակների ավտոմատ մաքրման համակարգը, կանաչ տնտեսության խթանում առողջապահության բարելավման համար և այլն:
Շնորհավորելով մասնակիցներին ՝ Միխաելա Ստոյկոսկան՝ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատարը, շնորհավորելով մասնակիցներին իրենց հսկայական փորձի և գիտելիքների փոխանակման համար, նշեց, - «Կլիմայի փոփոխության ահագնացող ազդեցություններին դիմակայելու համար ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը հավատարիմ է մնում իր խոստմանը աջակցելու Հայաստանին կլիմայական իր հավակնոտ օրակարգի մի շարք առանցքային ոլորտներում իրականացնելու համար, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում: Մենք սերտորեն համագործակցում ենք էներգետիկայի և շրջակա միջավայրի պետական սեկտորի հետ` պատրաստելու երկամյա կտրվածքով տարեկան ազգային էներգետիկ հաշվեկշիռները և ջերմոցային գազերի արտանետումների գույքագրումները: Վերականգնվող աղբյուրների օգտագործման համար առաջատար տեխնոլոգիաների, ժամանակակից լուծումների, լավագույն փորձի և հետազոտության առումով ձեր ինտելեկտուալ ներդրումը մեծապես կխթանի ազգային կարողությունների ու գիտելիքների ամրապնդմանը: Ձեր աշխատանքներով դուք հավաքականորեն նպաստել եք կանաչ աճի հավակնություններին և ցածր ածխածնային զարգացմանը և առաջնահերթ ոլորտներում կլիմայի փոփոխության մեղմման հրատապ անհրաժեշտությանը»:
ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանն ընդգծեց գիտական հետազոտությունների խթանման առումով Կառավարության և ակադեմիական համայնքի միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը: «Սահմանելով տնտեսության բոլոր ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների տարեկան 40 տոկոսի նվազեցման թիրախ մինչև 2030 թվականը` համեմատ 1990թ. արտանետումների մակարդակի հետ՝ էներգետիկ ոլորտը ուշադրության կենտրոնում է: Այս առումով, պետք է խրախուսենք ինչպես անհատ հետազոտողների թեմատիկ առաջարկները, այնպես էլ՝ խթանենք երիտասարդ գիտնականների հետաքրքրությունը», - ասաց Դիանա Հարությունյանը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվային բաժնի պետ Վահագն Աթայանը համառոտ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական նոր ծրագիրը (մինչև 2040 թ.), որում հիմնական շեշտը դրված է վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության վրա, ինչպես նաև՝ ներկայացրեց վերականգնվող էներգիայի աղբյուրների առաջխաղացման թիրախները:
«Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի աջակցությամբ մենք մշակում ենք էներգիայի և վերականգնվող էներգիայի 10-ամյա ազգային ծրագիրը, որը կսահմանի էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի բնագավառում մեր հիմնական ուղղությունները, քաղաքականության մեջ անհրաժեշտ փոփոխությունները և թիրախային գործողությունները: Բացի այդ, համաձայն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր` Հայաստանը ներդաշնակեցնելու է էներգետիկայի ոլորտում իր օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը, որն արդեն իսկ մեկնարկել է, և ժամանակին զուգընթաց ակնկալում ենք ունենալ ավելի մանրակրկիտ և ավելի լավ կարգավորվող օրենսդրական դրույթներ էներգետիկայի ոլորտում: Ի թիվս արտանետող ոլորտների՝ տրանսպորտի, արդյունաբերության, սպասարկման ոլորտ, գյուղատնտեսության՝ շենքերը՝ որպես ջերմոցային գազեր հիմնական արտանետող աղբյուր, մեծ ուշադրություն է դարձվում վերականգնվող էներգիայի օգտագործման ձևերի վերանախագծմանը և էներգախնայողության խթանմանը շենքերում։ Հետևաբար, մենք բարձր ենք գնահատում ակադեմիական համայնքի ներդրումն ու կարողությունները և անհրաժեշտ փոփոխությունների կատարման ճանապարհին պատրաստակամ ենք հենվելու ձեր առաջարկների վրա»:
Հաջորդիվ, քննարկում ծավալվեց միջոցառման մասնակիցների և բանախոսների միջև, որի ընթացքում մտքեր փոխանակվեցին էներգետիկայի ոլորտի զարգացման համար հիմնական կարիքների, ակադեմիական կրթության ոլորտում անհրաժեշտ փոփոխությունների մասին, ինչպես նաև՝ առաջարկություններ և գաղափարներ փոխանակվեցին կապված քաղաքականության փոփոխությունների հետ։ Քննարկման թեմաներն էին հանրային ներգրավվածության բարձրացումը, սերտ համագործակցությունը և նորարարական ներուժի արդյունավետ մոբիլիզացումը գիտական համայնքի, կրթական համակարգի և պետական մարմինների միջև: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Վերականգնվող և մաքուր էներգիայի հասարակական խորհրդի կողմից շրջանառել հնչեցրած առաջարկությունները որոշում կայացնողներին։
Միջոցառումը եզրափակվեց ԵՄ կողմից ֆինասավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում պատրաստված «Արևային էներգիան կլիմայի համար - Հայաստան» տեսանյութի ցուցադրմամբ։