Դեկտեմբերի 21-ին կազմակերպված ազգային աշխատաժողովի շրջանակներում ներկայացվեց և շահագրգիռ կողմերի հետ քննարկվեց «Վերականգնվող էներգետիկայի և Էներգախնայողության 2022-2030 թվականների ազգային ծրագրի նախագիծը, որը մշակվել է «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի շրջանակներում:
Աշխատաժողովը համախմբել էր շուրջ 70 մասնակիցների, այդ թվում՝ ներկայացուցիչների ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից և այլ դոնոր կազմակերպություններից, ոլորտային նախարարություններից, պետական մարմիններից և կոմիտեներից, մասնագետների մասնավոր ոլորտից, էներգետիկ ոլորտի հասարակական կազմակերպություններից և հիմնադրամներից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից, ինչպես նաև` էներգետիկ ոլորտի տեղական և միջազգային փորձագետների։ Քննարկման նպատակն էր աջակցել երկրում էներգետիկ ոլորտի երկարաժամկետ ցածր արտանետումների ռազմավարության մշակմանը։
Շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Էներգետիկայի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը ողջունեցին մասնակիցներին և կարևորեցին նման առանցքային փաստաթղթի քննարկումը։ Բանախոսները բարձր գնահատեցին միջգերատեսչական և դոնոր կազմակերպությունների համատեղ համագործակցությունը՝ ուղղված Էներգետիկայի ոլորտից արտանետվող ջերմոցային գազերի ազդեցության կրճատմանը և ավելի կանաչ տնտեսական զարգացման ու շրջակա միջավայրի առավել արդյունավետ պահպանության համար էներգետիկ ոլորտում առկա կարգավորիչ մեխանիզմների և մարտահրավերների դիմակայմանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Անդրեա Բաջջիոլին կարևորեց Եվրոպական միության և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ մասնավորապես էներգետիկայի ոլորտում՝ անդրադառնալով ավարտված և ընթացիկ ծրագրերին, որոնք ուղղված են էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառման ընդլայնմանը, էներգախնայողության և էներգաարդյունավետության խթանմանը՝ որպես երկրի ցածրածխածնային զարգացման ընդհանուր նպատակների մաս։
«Համաձայն «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներքո մշակված Հայաստանի թարմացված 2021-2030թթ․ Ազգային մակարդակով սահմանված ներդրումների՝ մեղմման նոր նպատակ է սահմանվել մինչև 2030 թ․ հասնելու ջերմոցային գազերի արտանետումների 40-ի կրճատման, որի իրականացման համար ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ բարելավելով կլիմայական քաղաքականությունները և ներդաշնակեցնելով տեղական օրենսդրությունը ԵՄ կանոնակարգերին: Ծրագրի շրջանակներում իրականացվող գործողությունները, որոնք նաև համապատասխանում են նաև ԵՄ Կանաչ գործարքի սկզբունքներին, աջակցում են Հայաստանի կանաչ վերականգնման և կայուն զարգացման նպատակին»,- նշեց պրն. Բաջջիոլին իր ելույթում։
ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության բաժնի ղեկավար Հովհաննես Ղազարյանն կարևորեց փաստաթղթի նախագծի կենսական նշանակությունը ինչպես էներգետիկ ոլորտի զարգացման նպատակների իրականացման, այնպես էլ՝ կլիմայի փոփոխության ազդեցության մեղմման երկրի ստանձնած պարտավորությունների տեսանկյունից։ «Հավատացած ենք, որ էներգետիկ ոլորտից արտանետումների կրճատումը վերականգնվող էներգիայի ռեսուրսների օգտագործման ընդլայնման միջոցով առանցքային քայլ է ածխածնային չեզոքության և կանաչ աճի հասնելու երկրի հավակնությունների համար», - նշեց պրն. Ղազարյանը։
Միջոցառումն արդյունավետ հարթակ էր էներգետիկայի ոլորտում առկա խնդիրների վեր հանման և բացերի դիտարկման տեսանկյունից։ Մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի քննարկումը կնպաստի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության 2022-2030 թթ․ ազգային ծրագրի նախագծի լրամշակմանը։