Հայ
Eng
ԵՄ-ը, ՄԱԶԾ-ը և Շրջակա միջավայրի նախարարությունը տոնում են հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը
05 հունիսի 2020

ԵՄ-ը, ՄԱԶԾ-ը և Շրջակա միջավայրի նախարարությունը տոնում են հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրը

Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Ծառերը մարդկանց նման են սիրո ու խնամքի կարիք ունեն - ԵՄ-ն աջակցում է համայնքահեն անտառկառավարմանը և անտառվերականգնմանը

Մոտ 2000 մետր բարձրության վրա գտնվում է գրեթե 30 հազար հեկտար մակերես զբաղեցնող անտառ, որը հայտնի է որպեսՀայանտառ ՊՈԱԿ-ի «Նոյեմբերյանի անտառտնտեսություն» մասնաճյուղ։ Կաղնիներ, հացենիներ, բոխիներ, հաճարենիներ, վայրի տանձենիներ ու խնձորենիներ՝ տասնամյակների ընթացքում խնամքով պահպանված կանաչ ժառանգություն։  


«Անտառները մարդկության ամենաարժեքավոր ակտիվներն են»,- ասում է ավագ անտառապետ Վոլոդյա Ղարագյոզյանը (հայտնի է որպեսՄոսո)։ «Ծառերը մարդկանց նման են․ սիրո ու խնամքի կարիք ունեն», - նշում է նա։ 40 տարի է, ինչ Մոսոն աշխատում է անտառտնտեսությունում․այս տարածքի ամենատարեց ու ամենափորձառու անտառապետն է։ Անտառի բոլոր ծառերը գիտի, շատերին է կյանք պարգևել, ինչպես, օրինակ, այս մատղաշ կաղնուն, որը տնկել է չորացած ծառի բնում։


Մոսոն ոչ միայն սերտորեն աշխատում է 7 այլ անտառապետների հետ՝ սովորեցնելով նրանց այս խրթին գործի նրբությունները, այլև անտառվերականգնման ծրագրեր է ղեկավարում։ Վերջին տարիների ընթացքում համայնքահեն անտառկառավարման շնորհիվ հնարավոր է դառնում բարելավել անտառի վիճակը։ «Անտառապատման և անտառվերականգնման աշխատանքները նաև աշխատատեղեր են ստեղծում և ուղղակիորեն նպաստում տեղական համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը»,- նշում է Մոսոն։


Հարակից 10 գյուղական համայնքների 120 բնակիչ անխոնջ աշխատում է․ սերմեր են ցանում ու տնկիներ տնկում՝ շրջակա միջավայրը բարելավելու նպատակով։ Ծրագրով նախատեսվում է ընդլայնել «Նոյեմբերյանի անտառտնտեսության» մակերեսը՝ մեկ հեկտարի վրա 3000 ծառ տնկելով։ Հողում ծառն ամրացնելու համար այն պետք է 4-5 տարի շարունակ պարբերաբար խնամել, ուստի նոր կանաչ տարածքի ստեղծումը բավական շատ աշխատանք է ենթադրում, որի արդյունքը կերևա հետագա տասը տարիների ընթացքում։


Հասարակ գործիքներով՝ բահերով ու բրիչներով աշխատող մարդը կարող է մեկ օրում միջինը 250 ծառ տնկել։  Փոխարենը մարդիկ մշտական աշխատանք են ստանում, ու նրանց հասանելի են դառնում անտառի բարիքները։ 


«Այս աշխատանքն ինձ ամեն ամիս հավելյալ եկամուտ է բերում»,- ասում է Սվետլանա Սահակյանը, որը ծառատունկի խմբին է միացել երեք ամիս առաջ։ «Գոհ եմ այս աշխատանքից, թեև կիզիչ արևի ու հորդառատ անձրևի տակ աշխատելը դժվար է»,- նշում է մեկ այլ աշխատող՝ Արևհատ Գրիգորյանը։ Այն հարցին, թե ամենաշատն ինչն է իրեն դուր գալիս իր աշխատանքում, հպարտորեն պատասխանում է․ «Գերագույն հաճույք է գիտակցել, որ օգուտ եմ բերում բնությանն ու մարդկությանը»։


Անտառի բնական վերաճի օժանդակումը մեկ այլ նախաձեռնություն է, որին նախորդ երկու տարիների ընթացքում մասնակցել է Մոսոն իր ընկերների հետ միասին։ Ծրագրի ակնհայտ հաջողությունը անտառի էկոհամակարգն ավելի ուժեղ ու դիմակայուն դարձնելն է՝ ծառերի տակ հողահարթակների միջոցով։ Դա կայուն միջավայր է ստեղծում ծառերի սերմերի համար, որոնք ընկնում են հողի վրա ու բնական կերպով աճում։


Նման վայրերի մոտակայքում անասունների արածեցումը կանխելու և նոր աճող ծառերից նրանց հեռու պահելու նպատակով մարդիկ ցանկապատում են տարածքը՝ սահմանափակելով կենդանիների տեղաշարժը։   


Ծառատունկը և անտառվերականգնման աշխատանքները տեղի համայնքներին կայուն աշխատանք ունենալու հնարավորություն են տալիս։ Իսկ ամենակարևորը, ինչպես ընդգծվում է «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի բաղադրիչներից մեկում, անտառապատումն ու անտառվերականգնումը նաև նպաստում են կլիմայի փոփոխության ազդեցության նվազեցմանը՝ կրճատելով այլ ոլորտների արտանետումների քանակը։ Մարդկանց միջամտությունն ու կայուն կառավարումը կարող են առանցքային դեր խաղալ անտառային գործուն էկոհամակարգի պահպանման հարցում։ Կարևոր է նաև հասկանալ, որ կենսաբազմազանության պահպանումը և կլիմայական ճգնաժամը փոխկապակցված են, և համայնքի կողմից կառավարվող անտառների ու պաշտպանվող տարածքների առկայությունը գոյատևման խնդիր է դարձել։ Դա հենց այն կայուն կենսակերպն է, որ բոլորս ցանկանում ենք ապագա սերունդներին։ 


«ԵՄ-ը կլիմայի համար» ծրագիրն օգնում է Արևելյան գործընկերության վեց երկրների կառավարություններին, այդ թվում՝ Հայաստանին, դիմակայել կլիմայի փոփոխությանը։ Այն աջակցում է երկրներին «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզյան համաձայնագրի կենսագործման և կլիմային առնչվող քաղաքականությունների և օրենսդրության բարելավման հարցում։ Ծրագրի նպատակն է՝ սահմանափակել կլիմայի փոփոխության ազդեցությունը քաղաքացիների կյանքի վրա և ավելի դիմակայուն դարձնել նրանց։ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի կողմից։


 



Կիսվել