Հայ
Eng
Կայացավ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի ավարտական աշխատաժողովը
10 մայիսի 2021

Կայացավ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի ավարտական աշխատաժողովը

Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt

Մայիսի 6-7-ը կայացավ «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի ավարտական աշխատաժողովը։ Ծրագիրը ֆինանսավորվում էր Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի կողմից։ Ծրագրի տևողությունը 5 տարի էր (2016-2020թթ․), իսկ բյուջեն՝ 3,157,169 ԱՄՆ դոլար։ Աշխատաժողովը համախմբել էր ներկայացուցիչների ՀՀ նախարարություններից, պետական կառույցներից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից և ՄԱԿ-ի տեղական այլ գործակալություններից, ինչպես նաև հասարակական և անտառային ոլորտում ծրագրեր իրականացնող կազմակերպություններից։


Աշխատաժողովին բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը՝ ընդգծելով «Հողերի և անտառների կայուն կառավարման ներդնումը հյուսիս-արևելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտներում» ծրագրի կարևորությունը և շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին շարունակական արդյունավետ համագործակցության և աջակցության համար։ ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության պորտֆելի ղեկավար Հովհաննես Ղազարյանը հակիրճ ներկայացրեց ծրագրի շրջանակը, սահմանված թիրախները և իրականացման գործընթացը։


Հաջորդիվ, ՄԱԶԾ/Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ծրագրային քաղաքականության հարցերով մասնագետ Գեորգի Արզումանյանը խոսեց ծրագրի իրականացման շրջանակի և առաջիկայում հնարավոր համագործակցության հեռանկարների մասին։


Այնուհետև, ծրագրի Տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը ներկայացրեց ծրագրի հիմնական արդյունքները, ձեռքբերումները և հողերի և անտառների կայուն կառավարման ամրապնդման նախադրյալները։


Ծրագրի փորձագետների և շահագրգիռ կողմերի՝ ՇՄՆ Անտառային կոմիտեի,«Բիոսոֆիա» ՀԿ-ի, «Տավուշի ֆերմերներ ասոցիացիա» ՀԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի, ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի ներկայացուցիչների զեկույցները նվիրված էին այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ անտառվերականգնման միջոցառումների արդյունքները և հետագա քայլերը, կենսավառելիքի շուկայի զարգացման համար աշխատանքները և հեռանկարը Հայաստանում, ապրուստի այլընտրանքային միջոցների զարգացմանն ուղղված գործողությունները, ապօրինի հատումների մշտադիտարկան բարելավմանն ուղղված քայլերը և շոշափելի ձեռքբերումները, դենդրոքրոնոլոգիային՝ որպես Հայաստանում անտառների կառավարման արդյունավետ գործիք։


Հովիկ Սայադյանը և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը նաև կարևորեցին ջերմոցային գազերի ազգային գույքագրման հողօգտագործման բաղադրիչի հաշվետվողականության բարելավման նպատակով անտառային ածխածնի ազգային գույքագրման ու ազգային գործակիցների ստացման ուղղությամբ ծրագրով կատարված աշխատանքները։


Հետևեց մասնակիցների քննարկումը, կարծիքների ու առաջարկությունների փոխանակումը հողերի և անտառների կայուն կառավարման համար շարունակական զարգացման անհրաժեշտության վերաբերյալ։


Աշխատաժողովն ամփոփվեց ծրագրի շրջանակներում իրականացման և կատարված աշխատանքների ու արդյուքների վերաբերյալ տեսանյութերի ցուցադրմամբ։


 


Օրակարգ



Կիսվել