Կլիմայի փոփոխության վիճակագրության զարգացման առաջին ճանապարհային քարտեզն արդեն հասանելի է և հաստատվել է Հայաստանի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի կողմից սույն թվականի փետրվարի 27-ին:
Ճանապարհային քարտեզը մշակել է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն՝ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի վիճակագրական ստորաբաժանման օժանդակությամբ: Փաստաթուղթը ձևավորվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկումների հիման վրա, որոնց հիմնական նպատակն է եղել ի հայտ բերել ջերմոցային գազերի արտանետումների վերաբերյալ տեղեկատվության խնդիրները: Աշխատանքային խմբին մասնագիտական աջակցություն է տրամադրել ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի փորձագիտական խումբը՝ ներգրավվելով տվյալների հավաքագրման, մշակման, հասանելիության և հրապարակման հարցերի վերաբերյալ պարբերական քննարկումներում: Փորձագետների հետ սերտ համագործակցության և մասնագիտական խորհրդատվության շնորհիվ հաջողվել է համադրել վերլուծությունները, հավաքագրել վիճակագրության դաշտում առկա անորոշություններն ու բացերը և լուծումներ առաջարկել:
Փաստաթղթի նպատակն է գնահատել Հայաստանում կլիմայի փոփոխության վիճակագրության վիճակը և դրա թափանցիկ հաշվետվողականությունը՝ որպես կանոնավոր վիճակագրական տվյալների մի մաս և սահմանել դրա հետագա զարգացման ուղիները: Այն ենթադրում է շահագրգիռ կողմերի և համապատասխան պետական գերատեսչությունների սերտ համագործակցություն մասնավորապես ջերմոցային գազերի արտանետումների և կլիմայի փոփոխության վիճակագրության բարելավման ուղղությամբ:
Ճանապարհային քարտեզը մշակվել է հաշվի առնելով 2014թ. Եվրոպական վիճակագիրների համաժողովի առաջարկությունները կլիմայի փոփոխության վիճակագրության վերաբերյալ, կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի պահանջները, որտեղ Հայաստանը ստորագրող կողմ է, ներառյալ՝ Փարիզյան համաձայնագիրը: Փաստաթղթի առաջնահերթություններն են՝
1) անմիջականորեն կապված են Հայաստանի ՋԳ արտանետումների գույքագրման համար անհրաժեշտ վիճակագրության հետ,
2) կապված են կլիմայի փոփոխության վերլուծության համար անհրաժեշտ այլ վիճակագրության հետ,
3) կապված են կլիմայի փոփոխության վիճակագրության համար անհրաժեշտ վիճակագրական «ենթակառուցվածքների» (օրինակ, վիճակագրական մեթոդներ և ստանդարտներ) հետ:
Ճանապարհային քարտեզի առանցքում են բնապահպանական, սոցիալական և տնտեսական տվյալները, որոնք չափում են կլիմայի փոփոխության մարդածին պատճառները, կլիմայի փոփոխության հետևանքները մարդկային ու բնական համակարգերի վրա և մարդկության ջանքերը խուսափելու և/կամ հարմարվելու կլիմայի փոփոխության հետևանքներին: Ճանապարհային քարտեզում ներառվել են վիճակագրության հետևյալ ոլորտները.
1) ջերմոցային գազերի արտանետումների վիճակագրություն,
2) ջերմոցային գազերի արտանետումների համար աղբյուր հանդիսացող մարդկային գործունեությանն առնչվող վիճակագրություն (օր.՝ արդյունաբերություն),
3) մարդկային և բնական համակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը գնահատող վիճակագրություն (օր.՝ աղետների պատճառած վնասը ենթակառուցվածքներին),
4) կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանն ուղղված վիճակագրություն (օր.՝ արևային, քամու, երկրաջերմային էներգիայի կայանների տեղադրում),
5) կլիմայի փոփոխության ազդեցությանը հարմարվելուն ուղղված վիճակագրություն (օր.՝ բնակարանային օդափոխման համակարգի տեղադրում):
Կլիմայի փոփոխության վիճակագրության զարգացման ճանապարհային քարտեզի մշակմամբ փորձ է արվել ընդհանուր առմամբ գնահատել Հայաստանում կլիմայի փոփոխության վիճակագրության համակարգի ներկա վիճակը, վերլուծել գոյություն ունեցող տվյալների բացերը և բացահայտել դրանց բարելավման առաջնահերթություններն և առաջադրել լուծման համար անհրաժեշտ առաջնային գործողությունները: Այն կնպատակաուղղվի ջերմոցային գազերի արտանետումների հաշվետվողականության՝ որպես Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի էական բաղադրիչի բարելավմանը ապահովելու առավել լայն թափանցիկություն համաձայն Փարիզի համաձայնագրի 13-րդ հոդվածի:
Այս փաստաթուղթը բարենպաստ նախադրյալներ է ստեղծում երկարաժամկետ հեռանկարում կազմակերպական փոփոխությունների համար՝ ի նպաստ կլիմայի փոփոխության վիճակագրության զարգացմանն ամբողջ վիճակագրական համակարգում: Բավարար աջակցության և հնարավորությունների առկայության դեպքում հետագայում հնարավոր կլինի մշակել առավել մանրամասնեցված ճանապարհային քարտեզներ տարբեր շահառուների համար: