Այսօր ՀՀ Կառավարությունը հաստատեց Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թթ․ «Ազգային մակարդակով սահմանված գործողությունները» (ԱՍԳ)։ Փաստաթղթի մշակման համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն աջակցել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» տարածաշրջանային ծրագիրը:
2019 թ. Մադրիդում կայացած Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կողմերի 25-րդ համաժողովում (COP25), երկրները հայտարարեցին Փարիզյան համաձայնագրի ներքո համատեղ հավակնությունների ընդլայնման անհրաժեշտության մասին:
«ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ-ն կլիմայի համար տարածաշրջանային ծրագրի շրջանակներում ԵՄ-ն աջակցել է Հայաստանին հավակնոտ գործողությունների իրականացման հարցում: Այսօր մենք մեր հավաքական ներդրումն ունեցանք արձագանքելու գլոբալ կանաչ աճին միտված ընդլայնված հավակնություններին», - նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:
Սույն փաստաթղթով Կառավարությունը հռչակում է իր հանձնառությունը մինչև 2030թ. ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումները 1990թ. արտանետումների մակարդակի համեմատ 40 -ով նվազեցնելու մասին։
ՀՀ կառավարությունը դեռևս 2015թ. սեպտեմբերին ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը ներկայացրել էր իր Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունները/ներդրումները, որը 2017թ. փետրվարին Փարիզյան համաձայնագրի վավերացմամբ դարձավ Հայաստանի առաջին Ազգային մակարդակով սահմանված գործողությունները 2015-2050թթ. ժամանակահատվածի համար։
Վերանայված՝ 2021-2030թթ․ ԱՍԳ-ով Հայաստանը ներդաշնակեցնում է ԱՍԳ ժամկետները երկրների մեծամասնության, այդ թվում՝ ԵՄ-ի և նրա անդամ պետությունների համար սահմանված ժամկետներին՝ սահմանելով 10-ամյա ժամանակահատված:
Վերանայված ԱՍԳ-ն սահմանում է նաև այն առաջնահերթ ոլորտները, որոնցում կիրականացվեն գործողություններ ցածր-ածխածնային զարգացման ապահովման և կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունների հարմարվողականության ուղղությամբ։ Այն հիմնված է կանաչ տնտեսություն սկզբունքի վրա և համատեղելի է Կայուն Զարգացման Նպատակների հետ, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության սոցիալական և տնտեսական զարգացման նպատակներում:
Փաստաթղթի կարևոր բաղադրիչ է նաև թափանցիկության ընդլայնված շրջանակը, որով կապահովվի Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի հանձնառությունների իրագործման առաջընթացի հաշվետվողականությունը։