Հայ
Eng
Դոնոր կազմակերպությունների ներկայա­ցուցիչներին ներկայացվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրագործմանը միտված քննարկումների միջանկյալ արդյունքները
15 հոկտեմբերի 2021

Դոնոր կազմակերպությունների ներկայա­ցուցիչներին ներկայացվեցին Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների և ԱՍԳ գործընկերության պլանի իրագործմանը միտված քննարկումների միջանկյալ արդյունքները

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

Հոկտեմբերի 14-ին «Մասնավոր հատվածի դերը Հայաստանի Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործում» թեմայով սեմինարների շարքի արդյունքները ներկայացվեցին ՀՀ Կառավարության, շրջակա միջավայրի նախարարության և գործընկեր դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին։  


Միջոցառումը կազմակերպվել էր  Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի  26-րդ համաժողովին (COP26) ընդառաջ և նպատակ ուներ խթանել պետական ինստիտուտների, միջազգային դոնոր համայնքի և մասնավոր հատվածի միջև երկխոսությունը Հայաստանի կլիմայական հավակնոտ օրակարգի իրագործման շուրջ։


Նախորդող երեք սեմինարներում ներգրավված վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների, խորհրդատվական կազմակերպությունների և գործարար ասոցիացիաների, բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, ներդրումային հիմնադրամների ու բիզնես ցանցերի ներկայացուցիչների առաջարկությունները խթան հանդիսացան դոնոր կազմակերպությունների կողմից ծրագրային և կլիմայական ֆինասավորման հնարավորությունների  դիտարկման տեսանկյունից։


ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բացման խոսքում նշեց․ «Ուրախ ենք տեսնել ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի ղեկավարությամբ մասնավոր հատվածի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունն ուղղված Հայաստանի կլիմայական օրակարգի շուրջ քաղաքականության երկխոսության ամրապնդմանը։ Շրջակա միջավայրի նախարարությունը, հանդես գալով ոլորտը համակարգող գերատեսչություն, աջակցում է միջազգային գործընկերների կողմից տրամադրվող ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների առավել արդյունավետ և նպատակային օգտագործմանը՝ համաձայն ՀՀ Կառավարության կողմից սահմանված առաջնահերթությունների և վերջինիս կողմից հաստատված 2021-2030 թթ․ ԱՍԳ-ի։


«Նախորդ երեք միջոցառումների ընթացքում հնչեցված առաջարկությունները հանրային-մասնավոր համագործակցության համար նշանակալից նախադրյալներ ձևավորելուն զուգընթաց վկայում են մասնավոր ընկերությունների կողմից ՀՀ կլիմայական գործընթացներում ներգրավման որակական աճի վերաբերյալ, ինչպես նաև՝ նոր լիցք են հաղորդում հաջորդիվ իրականացվող քննարկումներին, որոնք թիրախավորելու են գյուղատնտեսության և ջրօգտագործման ոլորտները», - ընդգծեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը։


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը ներկայացրեց ՎԶԵԲ-ի կանաչ պորտֆելը Հայաստանում և թե ինչպես է այն աջակցում տեղական ՓՄՁ-ների երկարաժամկետ ներդրումներին ուղղված ԵՄ պահանջներին համապատասխան տեխնոլոգիաների և սարքավորումների արդիականացմանը, որն անհրաժեշտություն է էներգաարդյունավետության, արտադրանքի որակի, առողջության, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման տեսանկյունից։


ՄԱԿ-ի տեղական գործակալությունների ներկայացուցիչներ Գայանե Նասոյանը (ՊԳԿ երկրի ներկայացուցչի օգնական), Անահիտ Սիմոնյանը (ՄԱԱԶԿ երկրի ներկայացուցիչ) և Նաննա Սկաուն (ՊՀԾ Ներկայացուցչի տեղակալ) ներկայացրին գործակալությունների կողմից իրականացվող կլիմայական նախաձեռնությունները և հնարավոր ֆինանսավորման ուղղությունները՝ ընդգծելով  ներկայիս   հաջողված համագործակցությունը մասնավոր հատվածի հետ։


Միջոցառումը արդյունավետ հարթակ էր հանրային, մասնավոր հատվածների և միջազգային դոնոր կազմակերպությունների միջև նոր համագործակցության եզրեր ստեղծելու համար՝  ի նպաստ Հայաստանի կլիմայական նպատակների իրականացմանը։


 



Կիսվել