Նոյեմբերի 29-30-ը Թբիլիսիում տեղի ունեցավ «Քաղաքապետերի դաշնագրի» և «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագրի համատեղ տարածաշրջանային համաժողովը՝ նվիրված Արևելյան գործընկերության տարածաշրջանում ԵՄ քաղաքապետերի դաշնագրի 10-ամյակին։
Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և ԵՄ անդամ երկրների կենտրոնական և մունիցիպալ իշխանությունների ավելի քան 200 ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեցին «Քաղաքապետերի դաշնագրի» շրջանակում` այն ստորագրած քաղաքների հիմնական ձեռքբերումները և հիմնական մարտահրավերները, ինչպես նաև էներգետիկ և կլիմայական քաղաքականությունների իրականացման փորձը մունիցիպալ համատեքստում ինչպես ԵՄ, այնպես էլ Արևելյան գործընկերության երկրներում:
Միջոցառման շրջանակներում «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի նախաձեռնությամբ անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով՝ միտված քննարկելու Ազգային մակարդակով սահմանված գործողությունների և ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունների իրականացմանը վերաբերող հարցերը տեղական և տարածաշրջանային մակարդակներում:
Քննարկմանը ներկայացվեց Ծրագրի շրջանակներում մշակված Արևելյան գործընկերության երկրներում «Երկարաժամկետ կլիմայական ռազմավարությունների համեմատական ուսումնասիրությունը», որն անդրադառնում է ԱլԳ երկրներում ցածր արտանետումներով զարգացման ուղղությամբ գործողությունների իրականացման և քաղաքականությունների մշակման ընթացքին և հավակնություններին, ազգային նպատակներին և պայմանների առանձնահատկություններին:
Հայաստանում՝ դեռևս 2018 թվականից, ցածրածխածնային զարգացմանը միտված միջոցառումների շրջանակում իրականացվում է նաև շենքերի էներգաարդյունավետ արդիականացման ծրագիր, որով մինչ այժմ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացվել է 100 շենքերի ջերմաարդիականացում:
Որպես օրինակ, միջոցառման մասնակիցներին ներկայացվեց Ստեփանավան քաղաքի 6 բազմաբնակարան և 2 հանրային շենքերում կիրառված տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների և ֆինանսական մեխանիզմների կիրառման մանրամասները: Կարևորվեց ծրագրի իրականացման արդյունքում գրանցած ձեռքբերումները, մասնավորապես, ջեռուցման համար ջերմային էներգիայի տեսակարար ծախսի նվազեցումը մոտ 3 անգամ, ջեռուցման և հովացման ծախսերի կրճատումը 40-60-ով, շենքերի բնակարանների շուկայական արժեքի 10-15-ով ավելացումը որպես լրացուցիչ օգուտ, և ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը տարեկան 600 տCO2- ով:
Հաջորդիվ հետեվեց հարցուպատասխանի փուլը, որի ընթացքում մասնակիցները բարձրացրին իրենց հուզող հարցերի շրջանակը՝ հատկապես մեծ հետաքրքրություն ցուցաբերելով շենքերում օգտագործված տեխնիկական լուծումների, գրանցած դրական փորձի և բնակչության շրջանում էներգաարդյունավետ արդիականացման օգուտների վերաբերյալ իրազեկման կազմակերպման նկատմամբ: