Հայ
Eng
«Կլիմայի բյուջետավորում» խորագրով աշխատաժողովին ներկայացվեցին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում կլիմայական ֆինասավորմանն ուղղված քայլերն ու ձեռքբերումները
01 սեպտեմբերի 2022

«Կլիմայի բյուջետավորում» խորագրով աշխատաժողովին ներկայացվեցին «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակում կլիմայական ֆինասավորմանն ուղղված քայլերն ու ձեռքբերումները

Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt

Սույն թվականի օգոստոսի 30-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ներկայացուցիչները մասնակցեցին «Կլիմայի բյուջետավորում» խորագրով աշխատաժողովին։


Միջոցառումը համախմբել էր ներկայացուցիչների ՀՀ շրջակա միջավայրի, ֆինանսների, էկոնոմիկայի նախարարություններից, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունից, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, այլ հարոլորտային մասնագետների և կլիմայական բյուջետավորման գծով փորձագետների։


Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել կլիմայի փոփոխության ֆինանսավորման ուղղությամբ Հայաստանում իրականացված գործողությունները և փորձի փոխանակմամբ զուգահեռներ տանել «կանաչ բյուջետավորման» ֆրանսիական մոդելի հետ։


Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին վերահաստատեց «կանաչ բյուջետավորման» համակարգի ձևավորման ու ներդրման գործընթացում, հանրային ֆինանսների կառավարման բարեփոխումների շրջանակում Հայաստանին աջակցելու ՄԱԶԾ պատրաստակամությունը։


Արտակ Բաղդասարյանը՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Առաջադրանքի ղեկավարը, ներկայացրեց ծրագրի շրջանակներում մշակված «Ազգային մակարդակով սահմանված ներդրումների ֆինանսավորման ռազմավարությունը» զեկույցը։ Պարոն Բաղդասարյանը հանգամանալից խոսեց Հայաստանում կլիմայական ֆինանսավորման ինստիտուցիոնալ կառուցվածքի, ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու աղբյուրների եվ մեխանիզմների, ինչպես նաև ներդրումային ծրագրերի առաջարկվող կողմնորոշիչ շրջանակի ու դրանց իրականացման համար ֆինանսավորման հայթայթման հնարավորությունների մասին։


Պարոն Բաղդասարյանն անդրադարձավ նաև ոլորտում առկա բացերին, խոչընդոտներին եվ հնարավոր լուծումներին ու միջոցառումներին, որոնք կնպաստեն կլիմայական ֆինանսավորման ընդլայնմանը, այդ թվում՝ ֆինանսավորման նորարարական մեխանիզմների օգտագործման միջոցով։


«Կլիմայի փոփոխությունը և ԿԶՆ-ների նշագրման և կոդավորման մոտեցումները Հայաստանում» զեկույցով հանդես եկավ Հանրային ֆինանսների կառավարման ազգային փորձագետ պարոն Վահան Սիրունյանը։ Նա խոսեց կլիմայական բյուջետավորման նշագրման կարևորության, կլիմայական քաղաքականության և բյուջեի ներդաշնակեցման, այդ գործընթացի համար իրավական և բյուջետավորման գործող եվ անհրաժեշտ պայմանների մասին։ Պարոն Սիրունյանը անդրադարձավ նաև «Կլիմայական հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ վերանայման» զեկույցին, դրա շրջանակներում մշակված և օգտագործված կլիմայական ֆինանսների նշագրման մոդելին։


Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարության Բյուջեի վարչության Ֆիսկալ քաղաքականության բաժնի ղեկավարի տեղակալ Սանյա Մատուլիցը ներկայացրեց Ֆրանսիայի «կանաչ» բյուջեի մեթոդաբանությունը, դրա հիմնական նպատակներն ու առավելությունները և կիրառման արդյունավետությունը:


Հանդիպման ավարտին շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ դիտարկվեցին ներկայացված նյութերը և քննարկվեցին Հայաստանում դրանց կիրառման հնարավորությունները։


Աշխատաժողովը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Ֆինանսավորում հանուն Հայաստանի վերափոխման. Բացահայտելով ֆինանսավորման աղբյուրները հանուն Հայաստան 2030-ի» ծրագրի, Ֆրանսիական զարգացման գործակալության և «Expertise France» կազմակերպության համատեղ ջանքերով։


 


   Զեկույցներ



Կիսվել