Հայ
Eng
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ընդլայնում է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների եվ ԱՍԳ գործընկերության պլանի իրականացմանը նվիրված խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ
01 հոկտեմբերի 2021

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը ընդլայնում է Փարիզի համաձայնագրի ներքո երկրի պարտավորությունների եվ ԱՍԳ գործընկերության պլանի իրականացմանը նվիրված խորհրդակցությունների շարքը մասնավոր հատվածի հետ

Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt

Սեպտեմբեր 29-ին կանաչ ֆինանսների կիրառմանը խթանելուն միտված կանոնակարգող դաշտի և ֆինանսա-բանկային կառույցների ներքին կարողությունների զարգացման վերաբերյալ հարցերի լայն շրջանակ քննարկվեց առաջատար բանկերի, ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, ներդրումային հիմնադրամների և բիզնես միավորումների մասնակցությամբ սեմինար-խորհրդակցության շրջանակում, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։ Սույն միջոցառման նպատակն էր քննարկել պետություն-մասնավոր գործընկերության  հնարավորությունները և բացահայտել մասնավոր հատվածի ներգրավվածության խոչընդոտները կլիմայի փոփոխության օրակարգի և, մասնավորապես, Ազգային մակարդակով սահմանված գործողություններ/ներդրումների (ԱՍԳ) գործընկերության պլանի իրականացման գործընթացներում։


ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ տիկին Հասմիկ Ղահրամանյանը բացման խոսքում մասնավորապես նշեց․ «Նման խորհրդակցությունների իրականացումը էական  ներդրում է ապահովում միջազգային լավագույն փորձի և տեղում հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմների համադրությամբ բարենպաստ կանոնակարգող դաշտի ստեղծման համար՝ միտված Կենտրոնական բանկի ջանքերին»։


«Առաջատար բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ արդյունավետ հանրային-մասնավոր երկխոսության իրականացումը կարևոր է քաղաքականության մշակման գործընթացում վերջիններիս կողմից հետադարձ կապի ինտեգրման, ինչպես նաև կանաչ ծրագրերի ծավալների ընդլայնմանն ուղղված կարողությունների զարգացմանն աջակցության ցուցաբերման տեսանկյունից, ինչը այս պահին առանցքային սահմանափակումներից է», - ընդգծեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող տիկին Դիանա Հարությունյանը։


Կլիմայական ֆինանսների և կառույցների հարցերով խորհրդատու Տիգրան Սուքիասյանը, ով վարում էր սեմինարը, Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում կանաչ ֆինանսավորման ծրագրերի ընդլայնում» ծրագրի արդյունքների վերաբերյալ իր ելույթում նշեց,- «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների ներգրավմամբ երկխոսության արդյունավետ հարթակի ձևավորմանը միտված ջանքերի ներդրումը մեծ կարևորության նախաձեռնություն է, որը կարող է նպաստել բարենպաստ կանոնակարգող դաշտի, այդ թվում՝ տաքսոնոմիայի ձևավորմանը, ինչը իր հերթին բարենպաստ ազդեցություն կունենա երկրի հավակնոտ կլիմայական օրակարգի իրականացման վրա»։


Մասնակիցները ողջունեցին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությունը՝ միտված երկխոսության հարթակի ձևավորմանը և շեշտեցին ընդհանուր միջավայրի բարելավման կարևորությունը, ինչը կարող է նպաստել կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման տիրույթներում մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ընդլայնմանը։


Սեմինար-խորհրդակցությունների շարքը շարունակվելու են ևս 3 կլոր-սեղան ձևաչափով՝ գյուղատնտեսական և ջրային ռեսուրսների ոլորտում գործող ընկերությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավմամբ։


*********


ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ անցկացվող «Մասնավոր հատվածի դերը ԱՍԳ Գործընկերության պլանի իրականացման գործընթացում» սեմինարների շարքն իրականացվում է «Ալֆա Փարթներս» ՍՊ ընկերության կողմից, որը մատուցում է կլիմայական ծրագրերի խորհրդատվական ծառայություններ։ ԱՍԳ գործընկերության պլանը միտված է համակարգել երկրի մակարդակով Փարիզյան համաձայնագրի իրականացումը՝ միջազգային իրականացնող մարմինների ներգրավման միջոցով։


 



Կիսվել