Հայ
Eng
Կայացավ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների տարեկան փորձագիտական համաժողովը
01 սեպտեմբերի 2023

Կայացավ ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների տարեկան փորձագիտական համաժողովը

Alt

Օգոստոսի 28-30 Ժնևում կայացավ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` Կլիմայի փոփոխության վիճակագրության հիմնախնդիրների փորձագիտական համաժողովը: Փորձագիտական  այս համաժողովները կազմակերպվում են 2014 թվականից ի վեր՝ կապ ապահովելով կլիմայական տեղեկատվության տրամադրողների և օգտագործողների միջև և ծառայելով որպես յուրօրինակ հարթակ համագործակցության, գաղափարների և փորձի փոխանակման, հայեցակարգերի, մեթոդաբանությունների  քննարկման և գործնական ուղեցույցների մշակման համար:

 

Այս տարի միջոցառման մասնակիցների ուշադրության կենտրոնում էր ազգային վիճակագրական գերատեսչությունների դերը քաղաքականություն մշակողներին կլիմայական տվյալների տրամադրման,  հանրությանը կլիմայի փոփոխության զարգացումների իրազեկման, կլիմայի փոփոխության հետ կապված վիճակագրության և ցուցանիշների տարածման,  հաղորդակցման ռազմավարությունների բարելավման, կառավարության շահառուներին Փարիզյան համաձայնագրով նախատեսված ջերմոցային գազերի գույքագրման, մեղմման և հարմարվողականության գործողությունների մասով հաշվետվողականության պահանջների իրականացմանն ուղղված աջակցության և այլ գործընթացներում:

 

Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներ՝ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Նելլի Բաղդասարյանը, Բնապահպանության վիճակագրության բաժնի ավագ մասնագետ Նաիրա Մանդալյանը  և ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի գենդերային և սոցիալական խոցելիության հարցերով փորձագետ Աստղիկ Միրզախանյանը, ովքեր ներկայացրեցին Հայաստանում կլիմայի փոփոխությանն առնչվող վիճակագրության առկայության և հավաստիության վերաբերյալ խնդիրները, ինչպես նաև արդար անցում ապահովելու համար պահանջվող գենդերային և սոցիալական խոցելիության ցուցանիշները: Նելլի Բաղդասարյանը և Աստղիկ Միրզախանյանը ելույթներից բացի համաժողովի մասնակիցների քննարկմանը ներկայացրել էին նաև թեմատիկ հոդվածներ:

 

Նելլի Բաղդասարյանը՝ ՀՀ վիճակագրական կոմիտե, հոդված և շնորհանդես

 

Աստղիկ Միրզախանյան, Դիանա Հարությունյան՝ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիր, հոդված և շնորհանդես

 

Համաժողովի օրակարգը, խոսնակների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև բոլոր մնացած ներկայացված նյութերը հասանելի են այստեղ:

 


Կիսվել