2019թ.-ի նոյեմբերի 4-ին ՄԱԿ Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխություն) քարտուղարությունը ՊԳԿ-ի (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության) համատեղ ջանքերով մեկնարկեց «Ջերմոցային գազերի ազգային կադաստրի կառավարման համակարգի և Հայաստանի ջերմոցային գազերի ազգային կադաստրի որակի ապահովումը» խորագրով աշխատաժողովը, որը կտևի մինչև 2019 թվականի նոյեմբերի 8-ը:
Այս հնգօրյա աշխատաժողովի նպատակն է աջակցելու ՀՀ Կառավարությանը` Ջերմոցային գազերի (ՋԳ) ազգային կադաստրի կառավարման կայուն և հետևողական համակարգի բարելավման ուղղությամբ՝ միաժամանակ արդյունավետ կերպով գործադրելով 2006 թվականի Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) ՋԳ ազգային կադաստրի ուղեցույցները.
ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի (ԿՓՇԿ) քարտուղարության ներկայացուցիչները՝ Մեղմման և թափանցիկության ապահովման ուղղության ղեկավար Ուիլյամ Ագեմանգ-Բոնսուն, և Ծրագրերի ղեկավար Դոմինիկ Ռեվեն, ողջունեցին մասնակիցներին և ներկայացրեցին աշխատաժողովի նպատակներն ու օրակարգը: Աշխատաժողովի աշխատանքների համակարգմանը կներգրավվեն նաև ՊԳԿ և ՄԱԿ ԿՓՇԿ այլ խորհրդատուներ և ծրագրի պատասխանատուներ։
Աշխատաժողովի ավելի քան 30 մասնակիցների թվում են նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչներ Բնապահպանության նախարարությունից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (էներգետիկայի ոլորտ), Էկոնոմիկայի նախարարությունից (գյուղատնտեսական ոլորտ), Վիճակագրական կոմիտեից, Հանրային ծառայության խորհրդից, ինչպես նաև՝ ոլորտի մասնագետներ, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կլիմայի փոփոխության ծրագրերում ներգրավված ՋԳ արտանետումների գույքագրման և մեղմման հարցերով ազգային փորձագետներ։
Ողջունելով կազմակերպիչներին և մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը շեշտեց երկրում կանոնավոր կերպով ՋԳ արտանետումների գույքագրման կարևորությունը և ՋԳ հաշվետվողականության՝ որպես Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի էական բաղադրիչի, շարունակական բարելավման անհրաժեշտությունը Փարիզի համաձայնագրի 13-րդ հոդվածի համաձայն առավել լայն թափանցիկություն ապահովելու առումով:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին այսպիսի բացառիկ աշխատաժողովի կազմակերպման համար` տիկին Ղափլանյանը հույս հայտնեց, որ բոլոր մասնակիցների ակտիվ ներգրավվածության շնորհիվ, համատեղ ջանքերով կապահովվեն դրական փորձի փոխանակման, ինչպես նաև՝ բացթողումների հայտնաբերման ավելի լայն հնարավորություններ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ ՄԱԿ ԿՓՇԿ ներքո երկրի ստանձնած հանձնառությունների իրագործման ուղղությամբ ազգային կարողությունների զարգացմանը միտված նման բազմակողմանի համագործակցության համար։
«ՄԱԶԾ Հայաստանյան գրասենյակը մեծապես ողջունում է ՀՀ Կառավարության քաղաքականության շրջանակներում կլիմայի փոփոխության հարցերով միջգերատեսչական գործնական գործողությունների կարևորումը, ինչպես նաև՝ կլիմային առնչվող խնդիրների օժանդակելու ուղղությամբ Բնապահպանության նախարարության բարձր ակտիվությունը: Մենք պատիվ ունենք աջակցելու Կառավարությանը երկու տարին մեկ անգամ իրականացվող ՋԳ արտանետումների գույքագրման աշխատանքների նախապատրաստման գործում՝ հաշվի առնելով, որ այդ աշխատանքները Կառավարության կողմից փաստահեն քաղաքականության մշակման առանցքային հիմնասյուներից են: Հետևաբար, տվյալների ճշգրիտ հավաքագրումը կարող է երաշխավորել դրանց հետագա փոխակերպումը գործողությունների, որոնք կֆինանսավորվեն միջազգային կազմակերպությունների՝ ներառյալ Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից», - ասաց պարոն Մարիյասինը:
Դմիտրի Մարիյասինը նաև շեշտեց. «ՋԳ արտանետումների գույքագրումը, ՄԱԿ ԿՓՇԿ-իներքո Հայաստանի զեկուցման միջազգային հանձնառությունից զատ, նաև կարևորագույն գործոն է երկրում ենթակառուցվածքների համակարգի վերաբերյալ որոշումների կայացման հարցում. որքան հուսալի լինեն յուրաքանչյուր ենթակառուցվածքի ներդրումների՝ ՋԳ արտանետումների վրա ունեցած հետևանքների վերաբերյալ տվյալները, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումը՝ ապահովելով խելամիտ, տվյալներով ապացուցված ներդրումների իրականացում»:
Հաջորդ չորս օրերի ընթացքում աշխատաժողովի գործունեությունը կկազմակերպվի էներգետիկայի, գյուղատնտեսության, թափոնների կառավարման, արդյունաբերական գործընթացների և անտառտնտեսության ոլորտների թեմատիկ նիստերի միջոցով:
Նախարարությունների, պետական գերատեսչությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչները, քաղաքականություն մշակողները/որոշում կայացնողներն ու ազգային փորձագետները համատեղ և սերտորեն կհամագործակցեն՝ աշխատելով առանձին խմբերում` վերանայելու ՋԳ արտանետումների գույքագրման ազգային համակարգում կիրառվող մեթոդաբանությունը և ընթացակարգերը, ընդ որում՝ հատուկ ուշադրություն դարձնելով տվյալների հավաքագրման թափանցիկությանը, ճշգրտությանը և ամբողջականությանը, տվյալների փաստաթղթավորման մեթոդաբանությանը, հետևողականությանը և տարբեր ոլորտների միջև տվյալների համեմատելիության ապահովմանը:
Աշխատաժողովի ամփոփիչ փուլում կատարված բացահայտումները, կատարման ենթակա և ազգային յզեկույցի մեջ ներառվելիք գործողությունների առաջնահերթությունների սահմանման մասով առաջարկությունները, ներառյալ՝ կարողությունների զարգացման կարիքների գնահատումը մասնակիցներին կներկայացվեն զեկույցի ձևով:
Աշխատաժողովի գլխավոր նպատակն է` Փարիզի համաձայնագրով նախատեսված թափանցիկության համակարգի արդյունավետ իրագործման համար զարգացող երկրների կարողությունների զարգացումը, ներառյալ՝ տվյալների ռեսուրսների և մեթոդաբանությունների ճշգրիտ փաստաթղթավորումը, հաշվետվությունների ընդհանուր ձևաչափի կիրառումը և ազգային և միջազգային մակարդակով ուսումնասիրությունը դյուրացնելու նպատակով պատշաճ կառուցվածքով ազգային զեկույցի պատրաստումը:
Հաշվի առնելով Կառավարության կողմից անտառային, ջրային տնտեսության ոլորտների առաջնահերթ կարևորումը՝ այս աշխատաժողովը կազմակերպված է ճիշտ ժամանակին և կծառայի որպես գործուն մեկնարկ՝ երկրում կլիմայի փոփոխության գործողությունների վերաբերյալ բոլոր նախարարությունների, գերատեսչությունների, փորձագետների և շահագրգիռ կողմերի միջև արդյունավետ երկխոսության ձևավորման համար:
********
Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 8-ին, աշխատաժողովին մասնակցող բոլոր շահագրգիռ կողմերի միջև չորսօրյա համատեղ և ակտիվ քննարկումների արդյունքում մշակվեց և հաստատվեց 5-օրյա աշխատաժողովի արդյունքներն ամփոփող եզրահանգումների ու առաջարկությունների փաստաթուղթը:
Առաջարկություններն ուղղված էին Ջերմոցային գազերի (ՋԳ) ազգային կադաստրի կառավարման կատարելագործմանը` համաձայն Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) ՋԳ ազգային կադաստրի ուղեցույցներով սահմանված <<Թափանցիկություն, Ճշգրտություն, Հետևողականություն, Համեմատելիություն և Ամբողջականություն>> սկզբունքներին: Առաջարկություններում նաև ընդգծվեց իրականացվելիք գերակա գործողությունները, ներառյալ կարողությունների զարգացման ուղղությամբ կարիքների բացահայտումը:
Այնուհետև, ՄԱԿ-ի Կլիմայի Փոփոխության Շրջանակային Կոնվենցիայի (ԿՓՇԿ) քարտուղարության ներկայացուցիչները՝ Մեղմման և թափանցիկության ապահովման ուղղության ղեկավար Ուիլյամ Ագեմանգ-Բոնսուն, և Ծրագրերի ղեկավար Դոմինիկ Ռեվեն հանդիպեցին ՀՀ բնապահպանության նախարար պրն. Էրիկ Գրիգորյանի հետ և ներկայացրցին այն հիմնական եզրահանգումներն ու առաջարկությունները՝ ուղղված ՋԳ ազգային կադաստրի կառավարման որակական ապահովմանը, ինչպես նաև՝ քննարկեցին կադաստրի շարունակական հիմունքներով վարման համար անհրաժեշտ գործողություններն ու ինստիտուցիոնալ կառուցվածքը: