Հայ
Eng
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծության և լրամշակման աշխատանքների վերաբերյալ աշխատաժողով
10 հուլիսի 2019

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծության և լրամշակման աշխատանքների վերաբերյալ աշխատաժողով

Alt

2019թ․ հուլիսի 9-ին կազմակերպվել է «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծության և լրամշակման աշխատանքների վերաբերյալ աշխատաժողով Հայաթ Փլեյս Երևան հյուրանոցում, որի նպատակն էր ներկայացնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ նախագիծը և ՀՀ միջազգային պարտավորությունները, քննարկել օրենքում կատարված փոփոխությունները շահագրգիռ կողմերի հետ և հավաքագրել առաջարկություններ և դիտողություններ՝ հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար։


Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ, մասնագետներ մասնավոր հատվածից, ինչպես նաև ՄԱԶԾ  Կլիմայի փոփոխության ծրագրերի աշխատակիցներ։


Ներկայացվել են գործող «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի բացերը, 1994թ․-ից ի վեր օրենքում կատարված փոփոխությունները, օրենքը վերաշարադրելու անհրաժեշտությունը, մթնոլորտաին օդի պահպանությանը վերաբերող իրավական դաշտի վերլուծությունը և այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են ժամանակակից մոտեցումների կիրառմանը։ Առաջարկվող փոփոխությունները դասակարգվել են հետևյալ տրամաբանությամբ՝ մթնոլորտային օդի որակի գնահատում, անշարժ աղբյուրներից արտանետումների սահմանափակում, շարժական աղբյուրներից արտանետումների սահմանափակում և արտանետումների հաշվառում: Ներկայացվել են նոր խմբագրությամբ նախագիծը և նոր օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների ուղղությունները:


Օրենքի նոր նախագիծը հաշվի է առնում ՀՀ միջազգային պարտավորությունները՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության միջոցների ռազմական կամ այլ թշնամական օգտագործման արգելման մասին կոնվենցիան (1977), «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիան (1979), ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան (1992) և Փարիզյան համաձայնագրի, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագիրը։ Օրենքի մեջ փոփոխություններ են արվել վերոնշյալ կոնվենցիաներին համապատասխանության մասով։


Նախագծում էական նշանակություն է տրվել նորմավորման համակարգի կարգավորմանը։ Նոր օրենքի ընդունմամբ կներդաշնակեցվեն  աշխարհում ընդունված և ներկայումս երկրում գործող օդի որակի գնահատման չափանիշները, արտանետումների սահմանափակման նպատակով և  զարգացած երկրներում լայնորեն կիրառվող «լավագույն հասանելի տեխնոլոգիաների» ներդրման պահանջարկը՝ այն համատեղելով արտանետումների սահմանափակման էկոլոգիական (այդ թվում՝ տարածքային) սկզբունքի հետ:  Վերջինս ավելի արդյունավետ կդարձնի մթնոլորտային օդի պահպանության  կառավարումը և կնպաստի միջազգային պայմանագրերով ամրագրված պարտավորությունների պատշաճ կատարմանը։


Արձանագրություն


Օրակարգ


«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի բացեր


«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի նոր խմբագրությամբ նախագիծը և ՀՀ միջազգային պարտավորությունները


 


 


  



Կիսվել