Հայ
Eng
ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները ամփոփվեցին եզրափակիչ աշխատաժողովում
16 նոյեմբերի 2023

ԵՄ-ն կլիմայի համար ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները ամփոփվեցին եզրափակիչ աշխատաժողովում

Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt
Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt Alt

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ կողմից իրականացվող «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի փակման միջոցառումը։ Աշխատաժողովի նպատակն էր ամփոփել 4 տարվա ծրագրի հիմնական արդյունքները և կլիմայական քաղաքականությունների վերանայված օրակարգերը ԱլԳ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

 

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունից Ջերալդ Օդազը, Կլիմայական գործողությունների գլխավոր տնօրինությունից Ֆաբիեն Պորչերը և ՄԱԶԾ տարածաշրջանային գրասենյակից Լոռա Ալթինգերը ողջունեցին աշխատաժողովի մասնակիցներին՝ կարևորելով արդյունավետ տարածաշրջանային համագործակցությունը և ծրագրի հիմնական նպատակներին հասնելու ուղղությամբ համատեղ ջանքերը:

 

Շրջակա միջավայրի նախարարության անունից տիկին Նոնա Բուդոյանը ներկայացրեց Հայաստանի կլիմայական օրակարգի իրականացման ընթացիկ վիճակը և ծրագրի շրջանակներում մշակված հիմնական պրոդուկտները։

 

«Երախտագիտությունս եմ  հայտնում Եվրոպական հանձնաժողովին և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին այս ծրագրի շրջանակներում ստացած արժեքավոր աջակցության համար: Մենք խորապես հավատացած ենք, որ ծրագրի արդյունքները կնպաստեն երկրում կլիմայական օրակարգի իրականացմանը»,- նշեց տիկին Բուդոյանը:

 

Ծրագրի ներքո մշակված քաղաքականության փաստաթղթերն են Հայաստանի վերանայված 2021-2030 թթ. Ազգային մակարդակով սահմանված գործողությունները (ԱՍԳ), Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի 2022-2030 թթ. ծրագիրը, Օդի որակի մոնիտորինգի համակարգի բարելավման ընդհանուր հայեցակարգը, Օզոնը քայքայող նյութերի օրենսդրական փոփոխությունները, Կլիմայական հանրային ծախսերի և ինստիտուցիոնալ ուսումնասիրությունը, ՀՀ-ում իրավական դաշտի առկա բացերի վերլուծություն և ԵՄ կլիմայական կարգավորիչ դաշտի հետ մոտարկման ճանապարհային քարտեզը, Հայաստանում ջերմոցային գազերի արտանետումների ազգային կադաստրի գործառնական համակարգի մշակման ճանապարհային քարտեզը, կլիմայի փոփոխության մեղմման հնարավորությունների վերաբերյալ ոլորտային ուսումնասիրությունները տրանսպորտի, գյուղատնտեսության, հողօգտագործման, հողօգտագործման փոփոխության և անտառտնտեսության (ՀՕՀՕՓԱՏ) ոլորտներում և Հայաստանում ածխածնի գնագոյացման հնարավորությունների ուսումնասիրությունը: 

 

Ծրագրի շրջանակներում մշակված մի շարք քաղաքականության փաստաթղթեր, ներառյալ՝ «Կլիմայի մասին» օրենքը, Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարությունը (ՑԱԶՌ), ԱՍԳ իրականացման ծրագիրը և ֆինանսավորման ռազմավարությունը, Կայուն էներգետիկայի և կլիմայական գործողությունների ծրագիրը Ալավերդու քաղաքապետարանի համար, գտնվում են ՀՀ կառավարության կողմից հաստատման փուլում:

 

Աշխատաժողովի հաջորդ մասում տիկին Բուդոյանը ներկայացրեց Հայաստանի Երկարաժամկետ ցածր արտանետումներով զարգացման ռազմավարության նախագծի հիմնական բաղադրիչները՝ մանրամասնելով կլիմայական չեզոքության հասնելու թիրախների, մինչև 2050 թ. ապաածխայնացման երեք սցենարների և կլիմայի փոփոխության մեղմման հնարավորությունների, ինչպես նաև՝ ՑԱԶՌ իրականացման ֆինանսական մեխանիզմների և աղբյուրների վերաբերյալ:

 

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը զեկույց ներկայացրեց Հայաստանի օրենսդրական դաշտը ԵՄ-ի հետ ներդաշնակեցման վերաբերյալ՝ խոսելով «Օդի որակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների, ինչպես նաև՝ «Կլիմայի մասին» օրենքի նախագծի շրջանակի, առարկայի և կարգավորող շրջանակի վերաբերյալ:

 

Ծրագրի հանրային իրազեկմանը նվիրված հատվածում «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի Առաջադրանքի ղեկավար Արտակ Բաղդասարյանը խոսեց ՄԱԿԿՓՇԿ Կողմերի համաժողովին (COP28) ընդառաջ կազմակերպված համաժողովի մասին, որի նպատակն էր քննարկել Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը:

 

Աշխատաժողովի մաս էր կազմում նաև Ղեկավար կոմիտեի նիստը, որի ընթացքում «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի ղեկավար Եվգեն Գրոզան անդրադարձավ ԱլԳ երկրներում ծրագրի գրանցած արդյունքներին: Անկախ գնահատման փորձագետ Ջակոմո Մորելին ներկայացրեց Ծրագրի ավարտական գնահատումը` ընդգծելով ծրագրի իրականացման արդյունավետությունը, լավագույն փորձը, քաղված դասերը, և լրացուցիչ առաջարկություններ տրամադրեց ծրագրի հաջորդ փուլի համար:

 

Աշխատաժողովին առցանց և առերես եղանակով մասնակցեցին շուրջ 30 մասնակից՝ ԱլԳ երկրների կառավարություններից, ծրագրի փորձագետներ և ներկայացուցիչներ գործընկեր կազմակերպություններից:

 

ԶԵԿՈՒՅՑՆԵՐ


Կիսվել