Հայ
Eng
ՀՀ կառավարությունն ընդունեց ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը
28 դեկտեմբերի 2023

ՀՀ կառավարությունն ընդունեց ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ ռազմավարությունը

Alt

Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ՀՀ ջերմոցային գազերի ցածր արտանետումներով զարգացման երկարաժամկետ (մինչև 2050թ.) ռազմավարությունը: Ռազմավարությունը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «ԵՄ-ն կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ տարածաշրջանային ծրագրի աջակցությամբ:

 

Ռազմավարությունն առանցքային նշանակություն ունի Փարիզյան համաձայնագրի ներքո երկրի կլիմայական հանձնառությունների իրագործման տեսանկյունից: Փաստաթղթի  ընդունմամբ Հայաստանը միանում է շուրջ 7 տասնյակ երկրների խմբին, որոնք արդեն ազդարարել են երկարաժամկետ հեռանկարում կլիմայական չեզոքության հասնելու նպատակը: Կառավարությունը սույն ռազմավարությամբ վերահաստատում է մինչև 2050 թվականը ջերմոցային գազերի արտանետումները մեկ շնչի հաշվով մինչև 2.07 տ CO2 համարժեք մակարդակ նվազեցնելու հավակնությունը:

 

Ռազմավարության ընդունմամբ Կառավարությունը հետապնդում է հետևյալ նպատակները.

  • երկարաժամկետ օրակարգի ապահովում կլիմայական հանձնառությունների համար
  • վաղ և կանխատեսելի ազդակների հա­­ղոր­դում ներդրողներին և տնտեսության ոլորտներին՝ իրենց երկարաժամկետ գործողութ­յունները պլանավորելու նպա­տա­­­կով
  • զարգացման նպատակների համադրում կլիմայական գործողությունների հետ և հնարավո­րու­թ­­յունների համակարգված դիտարկում ողջ տնտեսության կտրվածքով
  • տեխնոլոգիական առաջ­ըն­թացի միտում­նե­րին համահունչ տնտեսա­կան քաղաքա­կա­նության մշակում՝ փոխակեր­պե­լով մար­տահրավեր­նե­րը հնարավո­րութ­յունների: 

 

Ռազմավարությունն ընդգրկում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատման 5 հիմնական ոլորտները (էներգետիկա, գյուղատնտեսություն, արդյու­նաբե­րական գործընթացներ, անտառային տնտեսու­թյուն և այլ հողօգտագործում, և թափոններ)՝ ըստ սցենարների ներկայացնելով քաղաքականության հիմնական ուղղությունները և ծրագրային նախաձեռ­նությունները: Դրանք ուղղված են ոլորտների տեխնոլոգիական առաջընթացի և կայուն զարգացման ապահովմանը, միաժամանակ իրացնելով նույն ոլորտներում ջերմոցային գազերի արտանետումների կրճատման մեծ ներուժը: 

 

Դիտարկված երեք սցենարներն ուղենշային նշանակություն կունենան ձևավորված տեսլականին հասնելու ճանապարհին՝ ներդրված ջանքերի դիմաց համապատասխան արդյունքներ ակնկալելու և անհրաժեշտության դեպքում քաղաքականության ճշգրտումներ կատարելու տրամաբանությամբ: 


Կիսվել