Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ կայացել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը: Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար և հնարավորին ճիշտ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը:
Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվել է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատռլ է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում այդ մարտահրավերի համար: Այս տարի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնին մասնակցել են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող մարդիկ:
Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: Այնուհետև մասնակիցները բաժանվել են թիմերի և լուծումներ մշակել:
Մասնագիտական ժյուրիի անդամները, ծանոթանալով բոլոր առաջարկներին, «Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոնի առաջին տեղի մրցանակը շնորհել են «Future in our hands» թիմին: Պատանիները հաքաթոնի շրջանակում ստեղծել են աղբի վերամշակման խնդիրը լուծող բջջային հավելված՝ բաղկացած 5 բաժնից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արևոտ ապագա» թիմը՝ արևային շերտավարագույրների գաղափարով, որոնք նախատեսված են ոչ միայն արևից պաշտպանվելու համար, այլև հնարավորություն են տալու արևային էներգիա ստանալու: Հաքաթոնի երրորդ պատվավոր մրցանակը տրվել է «SKVINST» թիմին՝ օդի աղտոտվածության աստիճանը յուրաքանչյուրին հասանելի դարձնող ծրագրով:
ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը միջոցառմանը հանդես է եկել զեկուցմամբ: