Ծրագրի նպատակն է էներգախնայողությունը և վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր հնարավորությունների բացահայտումը՝ համահունչ Փարիզյան համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից նախանշված կլիմայի փոփոխության օրակարգին, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցումը:
Ծրագրով սահմանվել են մինչև 2030 թ․ ՀՀ-ում էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի բնագավառների հիմնական առաջնահերթություններն ու զարգացման ուղղությունները: Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն տնտեսությունում էներգախնայողությունն ու էներգաարդյունավետությունը բնորոշող ցուցանիշները, նշանակալիորեն կընդլայնվի վերականգնվող էներգիայի աղբյուրների (մասնավորապես, արևային էներգիայի) օգտագործմամբ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ նպաստելով էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, կբարձրանա Հայաստանի էներգետիկ համակարգի հուսալիությունը։
"Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի 2022-2030 թթ․ ծրագիրը " մշակվել է «ԵՄ-ն Կլիմայի համար» ԵՄ-ՄԱԶԾ ծրագրի տեխնիկական աջակցությամբ։