Հոկտեմբերի 30-ին Ալավերդու համայնքապետարանում ներկայացվել և քննարկվել է համայնքի Սոցիալական զարգացման ծրագրի նախագիծը։ Փաստաթղթի մշակման աշխատանքներն իրականացվել են ՄԱԶԾ կողմից, Շվեդիայի կառավարության (Sida) աջակցությամբ իրականացվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի աջակցությամբ:
Համայնքային պաշտոնյաներից, սոցիալական աշխատողներից և տարբեր կառույցների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի, անկախ փորձագետի և ՀԵԲԱ հասարակական կազմակերպության կողմից մշակված ծրագրի հիմքում բացահայտված համայնքային կարիքներն ու առաջնահերթություններն են։ Հիմնական նպատակը՝ սոցիալապես խոցելի խմբերի՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավումը, կայուն եկամուտ ապահովող հնարավորությունների ստեղծումն ու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը։ Ծրագիրը կիրականացվի մի քանի ենթածրագրերի միջոցով, որոնք միասին կնպաստեն համայնքի ներառական և երկարաժամկետ զարգացմանը։
Աշխատանքային խմբի կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքում առանձնացվել են համայնքի հիմնական խնդիրները՝ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության և ենթակառուցվածքների ոլորտներում, և մշակվել են առաջիկա տարիների համար դրանց լուծմանն ուղղված գործողություններ։
«ՄԱԶԾ-ի հետ համագործակցության շնորհիվ մենք այժմ ունենք կառուցվածքային փաստաթուղթ, որը թույլ կտա մեզ ավելի համակարգված աշխատել։ Համայնքի սեփական ռեսուրսներով և հնարավորություններով դժվար կլիներ այս աշխատանքներն իրականացնել, և մենք չէինք կարող ունենալ նման կարիքահեն ծրագիր՝ հիմնված գնահատումների և ֆոկուս խմբային քննարկումների վրա», - նշել է Ալավերդու համայնքապետի տեղակալ Արթուր Մանուկյանը։
Ծրագրի իրագործման հնարավոր ֆինանսավորման աղբյուրներից մեկը կարող է լինել Մղարթի ֆոտովոլտային կայանի կողմից գեներացվող եկամուտը: 500 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը կառուցվել է 2025թ․-ի մայիսին՝ նույն ՄԱԶԾ ծրագրի շրջանակում։
Հաջորդիվ Սոցիալական զարգացման ծրագրի նախագիծը կներկայացվի ավագանու հաստատմանը։