Նոյեմբերի 14-ին Ալավերդի համայնքի ավագանու նիստի շրջանակում հաստատվել է համայնքի սոցիալական զագացման առաջին ծրագիրը` 2026-2028 թվականների համար։ 2024 թվականին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքով համայնքներում սոցիալական ծրագիր ունենալը դարձել է պարտադիր։
Սոցիալական զարգացման ծրագիրն ուղղված է համայնքի սոցիալապես խոցելի խմբերի կյանքի որակի բարելավմանը, կայուն եկամուտ ապահովող հնարավորությունների ստեղծմանը, դիմադրողականության բարձրացմանն ու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Սոցիալական ծրագիրը համայնքին հնարավորություն կտա այս ուղղություններով ֆինանսավորումն ավելի նպատակային հատկացնել, ինչպես նաև կհեշտացնի տեղական և միջազգային դոնոր կազմակերպություններից ֆինանսավորման ներգրավումը։
Սոցիալական ծրագիրն առանձնանում է կարողությունների և հմտությունների զարգացման և կարիքների երկարաժամկետ ապահովման մեխանիզմով։ Նախկինում սոցիալական օգնությունը համայնքի կողմից տրամադրվում էր հիմնականում միանվագ դրամական փոխհատուցումների միջոցով։ Այժմ, սոցիալական ծրագրի շրջանակում շահառու անձանց խորքային կարիքները գնահատելուց հետո, համայնքի կողմից նույնականացվելու են համապատասխան կարողություններ, հմտություններ, և միջոցներ, որոնք զարգացնելու և տրամադրելու դեպքում, շահառուները հնարավորություն կունենան ապահովել կայուն եկամտի աղբյուր և լավագույնս հոգալ իրենց երկարաժամկետ կարիքները։ Ռեսուրսների արդյունավետությունն ապահովելու նպատակով կարողությունների զարգացմանն ուղղված որոշ միջոցառումներ համայնքի կողմից պատվիրակվելու են տեղական և միջազգային կազմակերպությունների ու փորձագետների։
Սոցիալական զարգացման ծրագրի մշակման գործընթացը նույնպես առանձնահատուկ էր: Այն իրականացվել է համայնքապետարանի կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբի կողմից՝ հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների միջոցով համայնքային կարիքների գնահատման հիման վրա։ Նման մոտեցումը կարևոր առաջընթաց է տվյալահեն որոշումների կայացման և ավելի քաղաքացիակենտրոն զարգացման պլանավորման ուղղությամբ։
2026-2028 թվականների համար մշակված գործողությունների պլանում ներառված են միջոցառումներ չորս հիմնական ուղղությունով՝ նախապատրաստական աշխատանքներ (կարիքների գնահատում և շահառուների ընտրություն), սոցիալական աջակցություն, սոցիալական զարգացում և կլիմայի գործողություններ։
Սոցիալական զարգացման ծրագիրը մշակվել է ՄԱԶԾ կողմից, Շվեդիայի կառավարության (Sida) ֆինանսավորմամբ, իրականացվող «Համայնքի կայունության ամրապնդում էներգաարդյունավետության և ցածր արտանետումներով զարգացման միջոցով» ծրագրի աջակցությամբ: