Սեպտեմբերի 18-ին կայացավ «Կլիմայական ֆինանսավորման ներգրավում կլիմայական ռիսկերի նկատմամբ դիմակայուն տրանսպորտային և ոռոգման ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար» խորագրով աշխատաժողովը։ Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԶԾ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ «Ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցների մշակում կորուստներին և վնասներին արձագանքելու կառավարման մոտեցումների մշակման համար» ՄԱԶԾ ծրագրի շրջանակում։
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր ներկայացնել և քննարկել ծրագրի շրջանակում մշակված երկու ծրագրային հայեցակարգերը՝ ուղղված կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ տրանսպորտային և ոռոգման ենթակառուցվածքների դիմակայունության ապահովմանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին նաև առաջարկվող ծրագրերի ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, միջազգային գործընկերների ներգրավման հնարավորությունները և դրանք նախագծային փուլից իրականացման փուլ տեղափոխելու համար անհրաժեշտ քայլերը։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Կլիմայական քաղաքականության վարչության պետ Նոնա Բուդոյանը, ովքեր ընդգծեցին կլիմայական դիմակայունության բարձրացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունն ու դրանց իրականացման համար կլիմայական ֆինանսավորման ներգրավման կարևորությունը՝ հատկապես վերջին տարիներին երկրում առավել հաճախակի և ինտենսիվ դարձած վտանգավոր օդերևութաբանական երևույթների համատեքստում։Միջոցառմանը ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, Ջրային կոմիտեի, «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի, «ԲԾԻԳ» ՊՀ, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, ՄԱԶԾ շուրջ 50 ներկայացուցիչ։