Ծրագիրն ուղղված է նպաստելու երկրի հարմարվողականության ազգային ծրագրի նպատակներին և հիմնվելու է ՄԱԶԾ-ԿԿՀ կողմից իրականացված «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ծրագրի շրջանակում թիրախային ոլորտների համար իրականացված խոցելիության գնահատման աշխատանքի վրա: Նախատեսվում է, որ Ծրագիրը կնպաստի ռիսկերի գնահատման գիտականորեն հիմնավորված մեթոդների և կարողությունների բացերի լրացմանը: Ծրագրի շրջանակում օգտագործվելու են Վարշավայի կորուստների և վնասներիի միջազգային մեխանիզմի և Սանտյագոյի ցանցի շրջանակներում մշակվող լայնածավալ ուսումնասիրություններ՝ ուղղված միջազգայնորեն համաձայնեցված կլիմայական ռիսկերի և դրանց հետ կապակցված տնտեսական և ոչ տնտեսական կորուստների և վնասների գնահատման ուղեցույցների մշակմանը:
Կատարված վերլուծությունների և ազգային շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների հիման վրա կմշակվեն.
(i) կլիմայական ռիսկերի գնահատման տեխնիկական ուղեցույցներ՝ առնվազն երկու առաջնահերթ ոլորտի համար.
(ii) կբացահայտվի երկու ծրագրային գաղափար գործնական մոտեցումների վերաբերյալ՝ կանխելու, նվազագույնի հասցնելու և հասցեագրելու կլիմայական ռիսկերի հետ կապված կորուստներն ու վնասները՝ ներառյալ դրանց ֆինանսավորման գործիքների շրջանակները, եղանակները, աղբյուրները և իրականացնող գործընկերները:
Ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունները կաջակցեն 2026-2030թթ․ Հարմարվողականության ազգային պլանի մշակմանը՝ նախատեսված NAP-2 ծրագրի շրջանակում: